Ոսկեպարում ժողովուրդը վռնդել է ԵՄ դիտորդներին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Տավուշի մարզում թունդ վեճ է տեղի ունեցել ժողովրդի ու ԵՄ դիտորդների միջև վերջիններիս ադրբեջանանպաստ հայտարարությունների պատճառով․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել:
Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից` դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, եւ ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։
Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները:
Զեկույցին կցվում են նաեւ հիմնավորող փաստաթղթեր, նյութեր: Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը, ով վերջերս Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, պարզվում է՝ ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել։
Տեղեկացանք, որ երբ ադրբեջանցիները քանդել են Արցախի խորհրդարանի շենքը, եւ այդ բարբարոսությունը փաստող լուսանկարը տարածվեց համացանցում, ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն` խուզարկություն իրականացրել, վերցրել բջջային հեռախոսները՝ կասկածելով, որ նրանք են լուսանկարել ու նկարները տարածել՝ միջազգային հանրությանը տրամադրելով Ադրբեջանի դեմ: Դրանից հետո էլ սկսել են հետեւել ամուսիններին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Արցախի հանձնումից 7 ամիս անց Գալստյանը կնոջ հետ Հայաստան վերադառնա։ Այդ որոշման վրա ազդել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տեղափոխումն ադրբեջանական Բարդա քաղաք։ Իմանալով այդ մասին եւ հասկանալով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, Գալստյանները ճանապարհ են ընկել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար: Ընդ որում, այցելել են՝ շրջանցելով Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ եւ Ոսկեպար են հասել Ալավերդիով։ Մենք տեղեկացանք, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջեւան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ եւ հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների եւ ԵՄ դիտորդների միջեւ: Ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։
Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։ Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջեւ ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․ «Ինձ էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել: Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։ Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Սյունիքի մարզի դատարան է ներկայացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։ Նշենք, որ նա Սյունիքի մարզի դատարան է գնացել իր դեմ հարուցված քրեական գործով։ Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, եւ երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երեւանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում