Սկսվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն օկուպացված Արցախից
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է այն տեղեկությունը, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում և այդ որոշումը կայացրել են Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը:
«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից վաղաժամ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը ժամանակավորապես տեղակայվել էր այստեղ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրականացնելու համար»,-ասել է Հաջիևը ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում:
Խաղաղապահների դուրս բերմանն անդրադարձել է նաև ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաձին փոխնախագահ Ալեկսեկ Ժուրավլյովը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն ավարտել են իրենց առաքելությունը։
«Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը հսկայական դեր խաղաց՝ արյունահեղությունը կանգնեցնելու գործում և նրանց առաքելությունն այնտեղ կարելի է ամբողջովին ավարտված համարել»,-«Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նշել է նա։
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում