Le Monde. Ալիևի Փարիզ այցելությանն ընդառաջ իրավապաշտպանները դիմել են Օլանդին

Ֆրանսիական առաջատար Le Monde պարբերականն այսօր Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման համատեքստում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակին և ահագնացող հալածանքների նոր ալիքին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով Ալիևի Փարիզ ժամանմանը` պարբերականը նշում է, որ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Ֆրանսիա է գալիս այն ժամանակահատվածում, երբ հետխորհրդային այդ երկրում ընդդիմադիրների հանդեպ հալածանքները նոր թափ են ստանում»:

Պարբերականը ընդգծում է, որ Ալիևի այցի նախօրեին բացմաթիվ միջազգային կազմակերպություններ բաց նամակ են հղել Ֆրանսուա Օլանդին` պահանջելով միջամտել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և օժանդակություն ցուցաբերել նրանց:

«Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH), Հալածանքների դեմ համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների ֆրանսիական լիգայի (LDH) կողմից հոկտեմբերի 24-ին հրապարակված նամակում սույն կազմակերպությունների նախագահները դատապարտում են ԽՍՀՄ փլուզումից ի վեր Բաքվում իշխանության եկած Ալիևյան կլանի ընդդիմախոսների հանդեպ հալածանքների ալիքը»,- գրում է պարբերականը:

Le Monde-ը վկայակոչում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդին ուղղված` Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ֆրանսիական գրասենյակի ղեկավարի նամակը, որտեղ վերջինս անդրադառնում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կամայականորեն ձերբակալված երկրի չորս հայտնի իրավապաշտպանների` Լեյլա և Արիֆ Յունուսների, Ինտիգամ Ալիևի և Ռասուլ Ջաֆարովի դեպքերին:

«Ֆրանսուա Օլանդը եզակի հնարավորություն ունի Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը բարձրաձայնելու մարդու իրավունքների հարցը»,- HRW-ի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Ժան-Մարի Ֆարդոնի խոսքերն է մեջբերում պարբերականը:

«Լրտեսություն» խորագրի ներքո պարբերականն անդրադառնում է հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությանը` նրան բնութագրելով որպես Ադրբեջանում «այլախոհության խորհրդանիշ»: Պարբերականը հիշեցնում է, որ ձերբակալությունից առաջ` մայիսի 12-ին Ֆրանսիայի նախագահը Բաքվում ֆրանսիական դեսպանատը հանդիպում էր ունեցել Լեյլա Յունուսի հետ: Ըստ պարբերականի` սա ուժեղ քայլ էր, քանի որ առաջին անգամն էր, երբ որևէ երկրի ղեկավար «համարձակվեց ընդունել 59-ամյա այս փոքր նիհար կնոջը, ով 2013-ին պարգևատրվել էր Պատվո շքանաշնաով (Légion d’honneur)` 1995 թվականին իր հիմնած հասարակական կազմակերպության կողմից հանուն մարդու իրավունքների անխոնջ պայքարի համար»:

Շարունակելով Լեյլա Յունուսի ձերբակալության թեման` պարբերականը ընդգծում է, որ այն տեղի ունեցավ հատկապես Ֆրանսիայի նախագահի հետ խոհրդանշական հանդիպումից հետո: Հիշեցնելով, որ ադրբեջանական իշխանությունները նրան մեղադրում են «իրենց ոխերիմ թշնամի Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ»` պարբերականը անդրադառնում է նաև Լեյա Յունուսի ամուսնու` Արիֆ Յունուսի ձերբակալությանը:

«Օգոստոսի սկզբին, կնոջը բանտում այցելելիս, իր հերթին ձերբակալվել է նրա ամուսինը` Արիֆ Յունուսը: Կատաղությունը շարունակվում է և հոկտեմբերի 23-ին Լեյլա Յունուսի նախնական կալանքը երկարաձգվում է մինչև փետրվարի 28: Լեյլա Յունուսի նախնական կալանքի այս երկարաձգումը պատահական չէ և ուղղված է ցույց տալու, որ Ադրբեջանն անտարբեր է միջազգային ճնշումների հանդեպ: Այն տեղի ունեցավ, երբ տիկին Յունուսը մոտ էր Եվրոպական խորհրդարանի կողմից տրվող Սախարովի անվան մարդու իրավունքների պարգևը ստանալուն, որը, վերջիվերջո, հոկտեմբերի 21-ին շնորհվեց կոնգոացի բժիշկ Դենիս Մուկվեջին: Սակայն երկու օր անց Կրակովում անցկացված միջոցառման շրջանակներում Լեյլա Յունուսը պարգևատրվեց Սերջիո Վիելլա դե Մելլոյի անվան պարգևով ` «ուժ չունեցողների ուժը» խորագրի ներքո»,- գրում է պարբերականը:

Le Monde-ն շեշտադրում է այն հանգամանքը, որ իշխանությունները Լեյլա Յունուսին պահում են ներքին գործերի նախարարության Բաքվի բանտում, որը հայտնի է «կալանավորներին հալածանքների ենթարկելու իր անմարդկային պայմաններով և միակն է, որը կախված չէ Արդարադատության նախարարությունից»:

Պարբերականը մեջբերել է նաև Ֆրանսիայի նախագահի Յունուսների դստեր` Դինարա Յունուսի կողմից ուղղված նամակը, որում վերջինս գրում է. «Մայրս, ում դուք հանդիպել եք, անմարդկային վերաբերմունքի է արժանանում բանտում, որտեղ նրան անընդհատ նսեմացնում, վիրավորում և բռնության է ենթարկում խուցն իր հետ կիսողը: Ծնողներս ձեր օգնության կարիքն ունեն հիմա, քանզի վաղը գուցե արդեն չափազանց ուշ լինի»:

Պարբերականը հիշեցնում է, որ Լեյլա Յունուսը լուրջ առողջական խնդիրներ ունի, որի մասին ահազանգում են նրա մերձավորները: Ըստ պարբերականի` վերջիններս համոզված են, որ նման պայմաններում, Լեյլա Յունուսին բանտում պահելով, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են նրան վերջնականապես կոտրել:

«Լեյլայի, ինչպես նաև բազմաթիվ այլ ընդդիմադիրների ձերբակալությունը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որից օգտվում է Ալիևի ռեժիմը, քանզի Արևմտյան երկրները նավթագազային պաշարների համար շարունակում են սիրաշահել նրան: Այս ժամանակահատվածում, երբ Եվրոպան փորձում է հաղթահարել ռուսական գազից և նավթից կախվածությունը, Ադրբեջանն ընկալվում է որպես հիմնական գործընկեր»,- եզրափակում է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում