Ալիևն ու Փաշինյանը պատրաստ են խաղաղ բանակցությունների․ Պեսկով
Նմանատիպ
Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, սակայն դեռևս կան չհամաձայնեցված կետեր։ Միաժամանակ բանակցություններ են ընթանում նաև սահմանների սահմանագծման և սահմանազատման հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ խոսքը գնում է բացառապես նոր կյանքի մասին։ Իհարկե դեռևս կան Ադրբեջանի տարածքները, երկու երկրների միջև ընթանում են սահմանազատմանն ու սահմանագծմանն ուղղված աշխատանքներ, որոնց մի մասն արդեն համաձայնեցված է։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, որտեղ նույնպես դեռևս կան չհամաձայնեցված կետեր»,-նշել է Պեսկովը
Պեսկովը շեշտել է, որ Տավուշում սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո։
«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- մանրամասնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Արդադառնալով ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի հանդիպմանը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր:
Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի խոսնակը նշել է.
«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում