Ով էլ ուզում է լինի, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այն ապօրինի գործընթացը, որն սկսել է ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշի մեքենայով, անհայտ ինքնության մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն։ Ժողովուրդը պահանջեց, որ անհայտ մեքենայից մարդիկ դուրս գան ու բանական զրույցի բռնվեն, ինչու են գաղտագողի գալիս: Եթե ձեր գործն անկեղծ է, ինչո՞ւ եք այդպիսի ծածկույթով գալիս։ Երբ ժողովուրդն իրավամբ ընդվզեց, ոստիկաններն ուժ կիրառեցին։ Ողջամիտ կասկածներ կային, որ այդ մեքենայի մեջ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևն են եղել, ես գուցե դրան չեմ հավատում: Վստահաբար չեմ ասում, բայց դուք իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու։ Եթե այդքան շիտակ էիք, թող ուղղությունը տային, մարդիկ էլ իրենց գործն անեին»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա հայտնեց, թե իրեն Տավուշի ոստիկանապետը հավաստիացրել է, թե լուսաձայնային նռնակ իրենք չեն կիրառել։
«Ժողովուրդն էլ ինձ ասաց, որ իրենք չեն նետել, երևի երկնքից ասուպ է ընկել»,-ասաց Սրբազանը։
«Սիրելի՛ ոստիկաններ, էս ձեր խնդիրը չի, մի մտեք դրա մեջ։ Դուք մասնակից եք լինում մի այնպիսի գործընթացի, որը վճռելու է մեր երկրի ճակատագիրը։ Վստահ չեմ, որ երեկ գիշերը դուք տուն եք գնացել ու հանգիստ քնել եք, որ ոտնակոխ եք արել երեխաների։ Գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք գտնվում, մտածեք, թե ինչին եք դուք ծառայում։
Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի ո՛չ սպառնալիքով խոսելու, ո՛չ էլ, առավել ևս, ոտնակոխ անելու իմ ժողովրդին։ Ասելիք ունեք՝ եկեք ասեք ու նաև կստանաք ձեր պատասխանները»,-ասաց Սրբազանը։
Նա ոստիկաններին հորդորեց իրենց պահել այնպես, ինչպես վայել է հայ տղամարդուն․ «Դուք ծառայության մեջ եք, դուք ծառա չեք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում