Աննա Հակոբյանը Գյումրիում ևս արժանացել է «դավաճան» վանկարկումների ու Երևան վերադարձել ուղղաթիռով․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», արևմտյան իրավապաշտպան կառույցներն այլևս աչք չեն փակում ՔՊ-ականների սանձարձակ ու լկտի պահվածքի և ոստիկանական խոշտանգումների վրա ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։
2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։
Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում, եւ ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։
Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը. երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել են պաշտոնեական առաջխաղացում։
Մարդու իրավունքների խախտման մի քանի ակնհայտ դեպքերի ընթացք չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը քաղաքական դեմք է։ Օրինակ՝ առաջին դեպքը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, սա դարձավ իշխանությունների կողմից վերահսկվող բացարձակ անպատժելիություն։ Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաեւ իրավապահ համակարգի վրա, որտեղ ուղղորդվում են իշխանության կողմից։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթև գրում է․ Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվող տարածքների շրջակայքում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում, միջպետական տարբեր ճանապարհների վրա:
Ուշագրավ է, որ անընդհատ նոր միավորներ, անհատներ են միանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը, որը, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, «ժողովրդական շարժում է». հոգևոր հայրեր, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական, հասարակական մի շարք հայտնի գործիչներ, իրական մտավորականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Կա տպավորություն, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը:
Ի մասնավորի, օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր իր համերաշխությունը հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին: Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ իրենք աջակցում են «Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը»:
Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս ապրիլի 28-ին հայտարարեց, որ միանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը և սատարում է Տավուշի սահմանին կանգնած մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն:
Երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաքվե» նախաձեռնությունը՝ ներկայում պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ անելով ձևավորելու պայքարի միասնական ճակատ: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ ու ոգեշնչող, և հույս հայտնվում, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել է, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Վարդանյանը միևնույն ժամանակ նշել էր, թե «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայում ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով»:
Այսուամենայնիվ, այստեղ կա մի քանի խնդիր: Նախ, ըստ փորձագետների, խոսքը, այսպես կոչված, «փոքր ԱԷԿ»-ի մասին է, որը, սակայն, մինչ այժմ աշխարհում կարողացել են կառուցել միայն Ռուսաստանը և Չինաստանը:
Այստեղ հիմնական պատճառաբանությունը էներգետիկ անկախության ավելացումն է, քանի որ ներկայում Հայաստանում այն ընդամենը 27 տոկոս է: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույնիսկ հպանցիկ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այստեղ առանձնապես խնդիրներ չկան, իսկ էլեկտրաէներգիայի մեծ մասն ապահովում են Մեծամորի ատոմակայանն ու ՋԷԿ-երը: Ճիշտ է, անցած տարի վերականգնվող էներգիայի ծավալը 2022-ի համեմատ զգալի ավելացել է, բայց դեռ շատ հեռու է ավանդական էներգիայի հետ մրցակցելուց: Ինչ վերաբերում է նվազ հզորությամբ ատոմակայան կառուցելու միջոցով էներգետիկ անկախություն ձեռք բերելու հնարավորությանը, ապա մասնագետները դա համարում են անլուրջ, քանի որ նախ և առաջ պետք է ինչ-որ տեղից բերել վառելիքը, դեռ չենք խոսում այն մասին, որ ով վճարում է, նա էլ, ի վերջո, թելադրում է «երաժշտությունը»:
Հավելենք, որ դեռ անցած տարի ամռանն էր հայտնի դարձել, որ Միացյալ Նահանգների մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»,- Կոնգրեսում հայտարարել էր Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյա Մարիա Լոնգին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:
ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:
Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:
Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ:
Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից:
Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա՝ այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»։
Փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն հռչակել է «ամենաժողովրդավար եւ արդար իշխանություն», բայց ՔՊ-ականներն այլեւս այնքան են հատել կարմիր գծերը, ու նրանց անթույլատրելի վարքն այնքան է աչք ծակում, որ անգամ նրանց մշտապես աջակցող ամերիկյան կազմակերպություններն ու կառույցները չեն կարողանում աչք փակել դրանց վրա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն եւ միակողմանի զիջումներին, առհասարակ` շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին։
Մեզ պատմեցին, որ որոշ տեղերում այնքան շատ են եղել սադրիչները, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել, եւ իշխանության աջակիցները եւս դարձել են ցույց ցրող ոստիկանների բռնության «զոհը»։ Չէ՞ որ ոստիկանները չգիտեն, թե ովքեր են իրական ցուցարարները, ովքեր` «պրոիշխանական սադրիչները»: Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ պայմանագրային զինծառայողները միանում են իրենց պայքարին՝ մոտ 20 հոգի։ Հայտնվեցին տեսանյութեր, մարդիկ ոգեւորվեցին։ Բանակի միանալը կարող էր դետոնատորի դեր խաղալ` ինչպես 2018-ին խաղաղապահների գնդի միանալը, եւ այդ վտանգն անմիջապես զգաց իշխանությունը։
Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»: Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել: Մ
եզ տեղեկություններ են հասել, որ զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել: Այդ մասին հարցրինք Տավուշի պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ «Չեմ կարա ասեմ, ամեն ինչ հնարավոր է… բայց պայմանագրայիններին ես՝ ինքս եմ հետ տվել, ասել եմ, որ ձեր արած քայլը հիմա սխալ ա, ծառայության մեջ եք, հետ գնացեք, իրենք բռնություններից հետո եկել էին՝ իրենց աջակցությունը հայտնեին տավուշցիներին, ես ասել եմ` գնացեք, պետք չի ձեր աջակցությունը, գնացեք, ձեր ծառայությունն արեք։ Գիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ ճանաչում, ընդամենը մեկ-երկու հոգու՝ նախկին հրամանատար եղած ժամանակ: Ինքնաբուխ են եկել»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։
Armlur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով մեկ անձի մեղադրանք են առաջադրել, իսկ մյուս 6 ձերբակալվածներին ազատ են արձակել։
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «Դավաճան», «Հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։
Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժին են տարվել 7 անձինք, որոնք այնուհետեւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերեւույթ կատարելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում