Թուրքիան հունական գյուղ է վաճառքի հանել

Թուրքիայի իշխանութունները աճուրդի են հանել անցյալ դարասկզբին Հունաստանից բռնազավթած Լեւիսի (թուրքական վերանվանմամբ` Քայաքոյ) գյուղը, որի վերջին հույն բնակիչներն այն լքել են 1923 թվականի հունիսի 30-ին` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչության փոխանակման մասին պայմանավորվածության համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական antalyabugun.com լրատվական կայքը:

Թուրքիան մտադիր է ներդրողներ գտնել հունական պատմական գյուղը վերականգնելու համար, որպեսզի այնտեղ զբոսաշրջիկներ գրավի: Գյուղում հարյուրավոր քանդված տներ եւ երկու եկեղեցի են մնացել: Այժմ այն կողքի Ֆեթիե ծովային հանգստայան վայր ժամանողների համար օգտագործվում է որպես ավտոկայանատեղի:

Գյուղի վերականգնման նախագծով, որի արժեքը գնահատվում է 10,5 մլն եվրո, ներկա դրությամբ հետաքրքրվել են երկու ընկերություններ:

Թուրքական կառավարությունը հյունական գյուղը փորձում է վաճառել արդեն երկրորդ անգամ: Առաջին աճուրդը ձախողվել էր: Ակտիվիստները Facebook-ում «Քայաքոյի փրկությունը» էջ են ստեղծել` կոչ անելով այն վերանորոգել Հունաստանի մասնակցությամբ եւ առանց վնասելու շրջակա միջավայրն ու գյուղի պատմական արժեքը: Շատերն էլ դեմ են գյուղի վերականգնմանը` գտնելով, որ այն կարող է կորցնել իր յուրօրինակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում