Ոստիկանները փակել են դեպի Կիրանց տանող բոլոր ճանապարները, արգելում են մուտք գործել անգամ Բագրատ Սրբազանին
Նմանատիպ
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով Կիրանցում խաղաղ ցուցարարների նկատմամբ, Իջևանի ոստիկանական բաժանմունք են տեղափոխել 31 քաղաքացու, որոնց թեպետ որոշ ժամանակ ազատ են արձակել, սակայն ամբողջովին շրջափակել են Կիրանց գյուղը և ոչ ոքի, անգամ Բագրատ Սրբազանին ու ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել այնտեղ, բացառության տեղի բնակիչների։
Նշենք, որ երեկվանից ոստիկանությունը մեծ ուժեր եր կուտակում Կիրանց գյուղում ու ըստ որոշ գնահատականների, խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել է «կոլցե» օպերացիան, քանի որ ոստիկանության գործողություններն ուղեկցվել են խաղաղ ցուցարարներին ծեծելով ու խոշտանգելով։
Իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»,-նշված է հայտարարությունում։
Դեպի Կիրանց տանող բոլոր ճանապարհները փակ են անգամ լրատվամիջոցների համար։
Նշենք նաև, որ միաժամանակ ՊՆ-ի կողմից ընթանում են նաև ականազերծման աշխատանքներ։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ հայտարարությունում: