Երկկողմ հարաբերություններին առնչվող կուտակված հարցեր կան․ Փաշինյանը՝ Պուտինին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա։
«Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության մասին, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, նշել է, որ երկկողմ հարաբերություններին առնչվող կուտակված հարցեր կան։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և ԵԱՏՄ բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի գերազանց կազմակերպման համար, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Վերջին անգամ մենք հանդիպել ենք անցյալ տարվա դեկտեմբերին։ Դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Խորհրդի նիստում քննարկվել է հարցերի տնտեսական բլոկը։ Եվ հիմա հուսով եմ և վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։
«Եվ ես նույնպես ուրախ եմ տեսնել ձեզ», – նշել է նա:
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, Պուտինն այն դրական է գնահատել թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար։
«ԵԱՏՄ-ն տասը տարեկան է դարձել, ինչպես մենք հենց նոր ասացինք այս դահլիճ մտնելուց առաջ, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է եղել մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, Հայաստանի համար ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության աճը 2015 թվականից ի վեր շատ զգալի է կազմել։
«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ»,- հավելել է Պուտինը։
Միաժամանակ ՌԴ նախագահը նկատել է, որ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները դրական են զարգանում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Նիստից հետո կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում