Թուրք դահիճներին ոչնչացնելու «Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման հարցն էր. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ
Նմանատիպ
Հայ վրիժառուների իրագործած «Նեմեսիս» գործողությամբ պատժվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներն ու Մուսավաթական Ադրբեջանի այն լիդերները, որոնց անմիջական մասնակցությամբ խաղաղ հայ բնակչության դեմ զանգվածային ջարդեր էին իրականացվել: «Նեմեսիս» գործողությունը նախ և առաջ հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման հարցն էր, միաժամանակ «Նեմեսիսն» ազդակ էր աշխարհին, որ չիրականացված արդարադատության հետևից գալու են և մի ամբողջ ժողովրդի դահիճների դատավճիռներն իրականացնելու են հայ վրիժառուները:
Պատմաբան, դոցենտ Հովիկ Գրիգորյանը նշում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացնելու ծրագրեր կազմվել են դեռև 1915-1916 թվականներին, սակայն վրիժառության կազմակերպված գործողությունը՝ «Նեմեսիսը», սկսվեց միայն Առաջին աշխարհամարտի ավարտից հետո:
Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում, սակայն փաստ է, որ վրիժառության ցուցակներում ներառված թուրք և ադրբեջանցի պարագլուխների մեծ մասին «Նեմեսիսի» մարտիկները կարողացան հայտնաբերել ու ոչնչացնել: Ուշագրավ է, որ վրիժառության գործողություններից զերծ չմնացին նաև Հայոց ցեղասպանության իրագործման հարցում թուրք պարագլուխներին ծառայություններ մատուցած ազգությամբ հայ դավաճանները: Հայ վրիժառուի գնդակը հասավ նաև դավաճաններին՝ ապացուցելով, որ մարդկայնության դեմ հանցանքը և սեփական ժողովրդի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունեն ու անպայմանորեն գալու է արդար հատուցման ժամանակը:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ «Նեմեսիսի» մշակման և իրականացման գործում մեծ ներդրում են ունեցել նաև հայ մտավորականները՝ ի ցույց դնելով, որ ազգային վրիժառության հարցը չի վերաբերվում զուտ միայն զինվորականներին:
Օրինակ՝ մեծանուն հայ գրող Ավետիք Իսահակյանը, 1920-1930-ականներին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Հակոբ Զորյանը և այլ մտավորականներ գործուն ներգրավվածություն են ունեցել «Նեմիսիսի» նախագծման և իրականացման հարցում:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ «Նեմեսիսը» ոչ միայն պատժիչ գործողություն էր, այլև հասարակական-քաղաքական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, որի միջոցով հայ վրիժառուները միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցին Հայոց ցեղասպանության հետևանքների վրա, նաև չիրականացված արդարադության փաստի վրա:
Թուրք և ադրբեջանցի դահիճների, ինչպես և հայ դավաճանների ոչնչացման «Նեմեսիս» գործողությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում