Նորվեգիան դարձել է Եվրոպային գազ մատակարարող հիմնական երկիրը
Նմանատիպ
Նորվեգական Equinor ASA նավթագազային ընկերությունը դարձել է Եվրոպային բնական գազ մատակարարող հիմնական ընկերությունը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նորվեգիան ներկա դրությամբ Եվրոպա է արտահանում պահանջվող գազի 30 տոկոսը։ 2023թ․ Նորվեգիայից եվրոպական երկրներին մատակարարված գազի ընդհանուր ծավալը գերազանցել է 109 մլրդ խոր․ մետրը, որի 2/3 մասը վաճառվել է Equinor ASA-ին։
Պարբերականը հիշեցնում է, որ մինչև 2022թ․ փետրվարը Եվրոպային գազի հիմնական մատակարարը Газпром-ն էր, որը բավարարում էր գազի պահանջարկի 35 տոկոսն այդ մայրցամաքում։
Աղբյուրը նաև հարցադրում է անում՝ նման իրավիճակն արդյո՞ք չի անհանգստացնում եվրոպական առաջնորդներին, քանի որ մեկ մատակարարից կախվածությունն արդեն իսկ իր բացասական հետևանքները ցույց է տվել։
«Չնայած Նորվեգիան ընկալվում է որպես վստահելի առևտրային գործընկեր՝ Եվրոպայի հետ ունենալով երկար տարիների առևտրային կապեր, այդուհանդերձ երկարատև ընդհատումներն աշխատանքում ու տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրները, որոնցից մեծապես կախված են էլեկտրաէնեգիայի գները, որոշակի անկանխատեսելիություն են պարունակում»,-նկատում է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում