Հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան

Հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․

– Պարո՛ն նախագահ, այս օրերին ամենաքննարկվող թեման, իրադարձությունը սրբազան շարժումն է` Բագրատ սրբազանի գլխավորությամբ: Ձեր սպասելիքներն ինչպիսի՞ն են: Կհաջողի՞ արդյոք շարժումը:

-Հիմա, այսպես, ենթադրություն անելը լավ գաղափար չէ: Բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո°, կհասնի հաջողության:

-Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, իշխանությունը սուր քննադատում Հայ Առաքելական եկեղեցու որոշ սրբազանների:

-Իրենցից հարցրեք:

-Ձեր կարծիքով:

-Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն և այլն:

-Պարո՛ն նախագահ, Դուք է՞լ եք կարծում, որ Բագրատ սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու` չնայած կա սահմանադրական արգելք:

-Ես այդ հարցով չեմ ուզում կարծիք հայտնել, որովհետև մենք մեր կարծիքը հայտնել ենք ինչպես ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությամբ, այնպես էլ մեր կուսակցական ընկերների բազմաթիվ հայտարարություններով, որ մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ սրբազանը:

-Պարո՛ն նախագահ, ասացիք ճիշտ քայլերի դեպքում կհաջողի: Ի՞նչ պետք է անել, ո՞րն է հաջողելու բանաձևը: Եվ նաև Բագրատ սրբազանը չի հերքել հավանական հանդիպման հավանականությունը նախկին նախագահների հետ: Արդեն հրավեր ստացե՞լ եք:

-Հրավեր չեմ ստացել: Բայց Բագրատ սրբազանի հետ ես առիթ եմ ունեցել հանդիպելու:

-Ե՞րբ: Այս օրերի՞ն:

-Ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ երեկ չէ՝ առաջին օրը:

-Պարո՛ն Սարգսյան, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ չի ուզում համախմբվել այն ուժերի հետ, որոնք չարիք են համարում Հանրապետական կուսակցությանը և այլն: Դուք այս դիրքորոշումը կիսո՞ւմ եք:

-Դուք ճիշտ չեք մեջբերում Էդուարդ Շարմազանովի ասածը. Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ինքը միավորվելու բան չունի տարբեր-տարբեր, այսպես ասած, խմբավորումների, ուժերի հետ, բայց մենք որևէ մեկի հետ չենք էլ միավորվել: Մենք սատարում ենք ամբողջովին այս շարժամնը և այդքանը:

-Պարո՛ն նախագահ, Դուք ասացիք, որ աջակցում եք, և սա իշխանությունն օգտագործում է ու ասում, որ նախկիններն ուզում են հետ վերադառնալ և տեսնում են տարբեր մարդկանց` մի քիչ Ձեզ, ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին, այս շարժման հետևում:

-Այսինքն՝ ո՞րն է հարցը, Դուք ինչ-որ մի միտք ասացիք, ես ի՞նչ պետք է ասեմ այդ մտքին:

-Իրենք են դա ասում:

-Իրենք ինչ ուզեն, կարող են ասել: Իրենց ասածներն ինձ համար ոչ Սուրբ գրքից մեջբերումներ են և ոչ էլ շատ մեծ ուշադրության արժանանալու գաղափարներ:

-Ի նկատի ունեմ` վախենում են նախկինների վերադարձից:

-Վախենում են, թող գնան խաչակնքվեն: Վախենում են, թող գնան, ժողովրդական մեթոդներով ո՞նց է, վախեցած մարդն ի՞նչ է անում` թող գնան վախերը չափեն, թող գնան սառը ջուր խմեն: Ինչ ուզում են, թող անեն: Բայց մենք վերադառնալու ոչ մի ցանկություն չունենք: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք: Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը: Այդքան մի բան: Քանի՞ անգամ պետք է ասել, որպեսզի մարդիկ դա կարողանան հասկանալ: Լսելը միշտ լսում են, բայց երևի ականջների մոտով է անցնում:

-Պարո՛ն նախագահ, ներեցեք, որ ընդհատեցի Ձեզ: Քանի որ Բագրատ սրբազանը նշել է, որ պատրաստվում է երեք նախկին նախագաների հետ հանդիպել, կա՞ արդեն պայմանավորվածություն:

-Բայց այդ հարցին ես պատասխանեցի: Դուք չլսեցի՞ք:

-Պարո՛ն նախագահ, հավատո՞ւմ եք, որ փողոցային պայքարով հնարավոր է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնել2018-ին կիրառված տեխնոլոգիաներով:

-Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք այդ տեխնոլոգիաները կրկնօրինակել, որովհետև ոչ նախկին շարժումների, ոչ այսօրվա շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, ովքեր այսպես վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին:

-Պարո՛ն նախագահ, եթե այս անգամ էլ հաջողության չհասավ շարժումը, ի՞նչ կանխատեսումներ կան. շանսեր կա՞ն, կդիմե՞ն հետագայում իշխանափոխության, թե՞ հիասթափությունը վերջնական կլինի:

-Բայց եկեք ավելի լավ է մտածենք, որ այս շարժումը կհասնի հաջողության: Աստված մի արասցե, եթե չհասնի հաջողության, իհարկե, մենք միշտ դրան ենք ձգտելու:

-Պարո՛ն նախագահ, իշխանափոխության հեռանկարի դեպքում, հնարավո՞ր է հետ շրջել Տավուշի սահմանազատման, սահմանագծման գործընթացի էջը:

-Մենք այդ մասով արտահայտվել ենք. մենք և՛ սահմանազատմանը, և՛ սահմանագծմանը դեմ չենք: Մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր, այսպես ասեմ, այդ գործընթացն իրականացվում է: Մենք կողմ ենք, որպեսզի սահմանազատումը, սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ: Այդքանը:

-Միջազգային դերակատարները ողջունում են:

-Ախր, մի՞թե դուք չգիտեք, թե այդ պրակտիկան ինչպիսին է: Մեր մամուլում նվազագույնը երեք անգամ եղել է ամբողջը, որն ընդունել է ԵԱՀԿ-ն այդ առնչությամբ: Կա ՄԱԿ-ի դիրքորոշումը: Ես ինչո՞ւ կրկնեմ այդ դիրքորոշումները: Իմաստը ո՞րն է:

-Նիկոլ Փաշինյանը դուրս է թողել բոլոր միջազգային խաղացողներին և Իլհամ Ալիևի հետ բանակցում է «տետ ա տետ»:

-Դրա համար էլ այս վիճակում ենք:

-Ես հենց դրա մասին էի հարցնում, թե ինչպե՞ս կարող ենք անել, որպեսզի խաղացողները գոնե վերահսկողական ֆունկցիա ունենան:

-Պետք է իշխանափոխություն անենք: Ուրիշ որևէ կերպ հնարավոր չէ:

-Իսկ Ալմա Աթայի սկզբո՞ւնքը, պարո՛ն Սարգսյան. Դուք գտնո՞ւմ եք, որ պետք է մնա այդ սկզբունքների մեջ, թե՞ ոչ:

-Գիտեք, Ալմա Աթայի սկզբունքը մեր հասարակության մեջ, մեր այսօրվա խոսույթում ես նմանեցնում եմ, հիշո՞ւմ եք մի հատ Մյունխենյան սկզբունք էր գրվել ինչ-որ մի գարեջրատան մեջ, ա՛յ դրան եմ նմանեցնում, որովհետև այդպիսի սկզբունք որևէ տեղ գոյություն չուներ: Այո, եղել է Ալմա Աթայի հայտարարություն, եղել է արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունքներ են: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքներ են այնտեղ ամրագրված:

-Մոտավորապես:

-Դե եթե մոտավորապես տեղյակ եք, ուրեմն պետք է այդպիսի հարց չտաք:

-Սկզբունքն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է:

-Այդպիսի սկզբունք չի եղել: Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն: Իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականին` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով:

-Հիմա այդ քարտեզը կա՞, դա ներկայիս Հայաստանի Հանրապետության քարտեզը կարո՞ղ է լինել:

-Վստահաբար կա, բայց չգիտես ինչու չեն տրամադրում:

-Պարո՛ն նախագահ, քանի որ Հանրապետականն աջակցում է Բագրատ սրբազանի շարժմանը, Ձեզ կտեսնե՞նք նրա կողքին՝ հարթակում:

-Պարտադիր չէ: Ես շատ հարթակներ բարձրանալու ոչ սովորություն ունեմ, ոչ էլ ցանկություն: Բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի… Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե այս շարժումը հաջողության հասնի, և իշխանափոխություն լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում