Կիրանցիները քանդում են տները, մի քանի օրից ադրբեջանցիները կհայտնվեն գյուղի մատույցներում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Կիրանցիները քանդում են տները, մի քանի օրից ադրբեջանցիները կհայտնվեն գյուղի մատույցներում․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ականներն իրենց անձնական ունեցվածքը քառապատկելուն զուգահեռ, նախարարությունների համար ձեռք են բերում աթոռներ, որոնց մեկ հատի արժեքը գերազանցում է մեկ միլիոնը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը: Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն տները: Այսինքն՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում, թեպետ արդեն սահմանապահները քանի օր է՝ կանգնած են տարածքում։

Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղվում, անգամ չգիտի, թե քանի կիրանցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին։ Հարցրինք՝ այլընտրանքային ճանապարհն իշխանությունը կհասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, որ օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն:

Եվ ահա, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել, և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։

Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապացությամբ: Այս տեղեկությունը իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից չափազանց մեծ տարածում գտավ: Սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զգալի աշխատանքներ է տանում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, շատ քիչ տարածվեցին իշխանական քարոզչամեքենայի կողմից, չնայած, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել ՌԴ նախագահին ու շնորհակալություն հայտնել ոչ միայն իրեն շնորհավորելու, այլև ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար: Բայց որպեսզի այս հանգամանքը շատ չտարածվի, իշխանական քարոզիչները Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացված զանգին ու շնորհակալությանը բացարձակ չեն անդադարձել, և այդ տեղեկությունը մնացել է սոսկ մի քանի տողանոց պաշտոնական հաղորդագրության մակարդակում:

Այսինքն, ստացվում է, որ սրանով իշխանությունները միանգամից մի քանի հարց են փորձում լուծել. նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Փաշինյանի զանգի և Ռուսաստանի օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև Արևմուտքն ու մասնավորաբար ԱՄՆ-ը հանկարծ «չջղայնանան» իրենց վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։

Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։

2019 թվականին ներկայացրած 2018 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում Քոչարյանը հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 ավտոտնակ։

Նրա ֆինանսական միջոցները, պաշտոնը ստանձնելու ժամանակ, կազմել են ընդամենը 5 մլն դրամ։

ԱԺ պատգամավոր Քոչարյանի 2018 թվականի հայտարարագիրը նման սուղ եւ ոչ ինֆորմատիվ էր, սակայն նույնը չենք ասի անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրի մասին։

2023 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ իշխող ՔՊ կուսակցության կարկառուն դեմք համարվող Քոչարյանը 6 տարիների ընթացքում եւս մեկ բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը, որը գտնվում է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ըստ հայտարարագրի, պատգամավորը ժառանգություն է ստացել 2020 թվականին, սակայն ում կողմից՝ անհայտ է։

Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտները նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել են 3 միլիոնով, իսկ 2021 թվականի եկամուտները 2022-ի համեմատ՝ 1 միլիոնով։

Ստացվում է, որ վերջին 2-3 տարում Քոչարյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից ավելացել է 4 մլն դրամով։
Նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ 2023 թվականի հայտարարագրում Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները գրեթե եռապատկվել են։

Այսպիսով՝ 2022 թվականին պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմելեն 2 մլն 300 հազար դրամ, իսկ այս տարի Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար եվրո, 3 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 700 հազար դրամ։

Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել։

Հարցական է, թե որտեղից է Քոչարյանը տնտեսել այս ֆինանսական միջոցները։

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները եւ գրեթե կես տարի չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի ունեցավ։ Մոտ երկու շաբաթ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ համայնքի ավագանին օրեր անց ընտրեց համայնքի նոր ղեկավար։ Իմպիչմենթի գործընթացին միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը, որը, սակայն, վերջին պահին անցավ իշխանությունների կողմը՝ ընտրելով ՔՊ թեկնածուին։

Մեր ունեցած տեղեկություններով, Երիցյանը, մեղմ ասած, հենց այնպես չի գնացել այդպիսի քայլի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նրան խոստացել են աչք փակել Երիցյանի կնոջ՝ Նատալ յա Լափաուրիի գործունեության հետ կապված ֆինանսական որոշակի թեմաների վրա, որոնք կապված են ԵՄ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» 4 մլն եվրոյի ծրագրի հետ, որը ղեկավարում է Երիցյանի կինը։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ համապատասխան մարմինները որոշակի խնդիրներ են նկատել նաև Երիցյանի ղեկավարած Համայնքների միությունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։

Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով եւ խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը եւ արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ : Արմնկակալերը` ամրացված թիկնակին եւ նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռը։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։

Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք նրա համարի մոտ, որ չուշանա նախաճաշից, բայց հետո պարզվեց, որ նա նախաճաշի չի եկել։ Ահազանգեցինք ոստիկանություն»։ Նրա տպավորությամբ, աղջիկը, որ մենակ էր հանգստանում, ընդամենը ցանկացել է լողալ։ «Շատ նման է դժբախտ պատահարի»,- ասաց մեր զրուցակիցը։ Մնացականյանի մարմնի վրա փորձագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Գործիչների մի տեսակ կա, որ իր միակ անելիքը համարում է… ոչինչ չանելը: Բայց դա դժբախտության այսբերգի մի մասն է: Մյուս մասն էլ տվյալ գործիչների դեպքում այն է, որ իրենց պարտքն են համարում, ոչինչ չանելով, շարունակաբար թիրախավորել որևէ բան անողներին կամ նրանց նախաձեռնությունները: Այդ տեսանկյունից «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու նրա ծավալվող ընթացքը ուշագրավ է նաև վերը նկարագրված տեսակի գործիչների յուրատեսակ «լ յուստրացիայի» առումով: Խոսքն այն անձանց կամ գործիչների մասին է, որ փորձում են հանրային հարթակներում դիրքավորվել որպես փաշինյանական իշխանության դեմ հանդես եկողներ, սակայն ջուր են լցնում նույն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:

Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց անընդհատ չխոսել շարժման ձախողման մասին: «Եկե՛ք, մասնակից եղե՛ք, թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին»,-ասաց նա։ Սրբազանը նաև դիմեց բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. «Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»: Սա իսկապես կարևոր արձանագրում էր: Այո, ըստ էության, ոչ միայն կոչ, այլև արձանագրում:

Ի լրումն, նկատելի են նաև գործիչներ, շրջանակներ, որ ձևեր են թափում, թե՝ մենք կմիանայինք, մենք ողջունում ենք, բայց… եթե այս «մեկերը» չլինեն մասնակիցների մեջ, այն մյուսները չլինեն, երրորդները չգան, նախկինները չլինեն և այլն, և այլն: Այդպես ասողներին գուցե արժե հայելի նվիրել, բարեկամաբար նաև հուշելով հարց տալ, թե ինչո՞ւ եք կարծում, որ մնացած բոլորը շատ մի ուրախ կամ հոժար են ձեր ներկայությանը, որ մի հատ էլ նախապայմաններ եք դնում: Սակայն այստեղ հիմնականը, կարծում ենք, այն է, որ հանուն պետության գոյության ծավալվող այս պայքարի հետ կապված «բայց»-եր առաջադրելը, «բայց»-եր դնելն ընկալելի չի կարող լինել: Այստեղ «բայց»-եր չկան:

Ամեն ինչ չափազանց պարզ է. կա՛մ դու հանուն Հայրենիքի շարժման հետ ես (մեջ ես, միացած և այլն), կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ ես և կողմ ես նրա իշխանավարման ու արածի շարունակությանը: Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին: Իսկ շարժմանը պահանջներ ներկայացնելու համար առնվազն պետք է դրա մեջ ընդգրկված լինել: Առանց նախապայմանների, ստանձնելով սեփական բաժին պատասխանատվությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝  Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են տարածում եւ արցախցիներին համոզում են, որ սրբազանի առաջնորդած ո՛չ շարժումն է Արցախի ու արցախցիների մասին, ո՛չ էլ դրա հաղթանակից իրենք կարող են օգտվել։ Մոտավորապես նույն նարատիվները, ինչ իշխանականները, օրերս էլ ԱԺ նախագահը հայտարարեցին, թե սրբազանն այլեւս սկսել է չխոսել Արցախի մասին, Արցախի դրոշներն էլ անհետացել են։

Սամվել Բաբայանն ինքն էլ հարցազրույցներ է տալիս` քննադատում իշխանություններին, միեւնույն ժամանակ հայտարարում, որ ներքաղաքական ճգնաժամի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Եթե շարժումը փողոցով չի կարողանում դրան հասնել, պետք է ընդդիմադիրները վայր դնեն մանդատները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու քաղաքագիտական միակ միջոցն ընտրություններն են։ Մինչդեռ մենք գիտենք, թե ընտրություններն ինչ ավարտ են ունենում, երբ ընտրությունների կազմակերպիչը լինում է իշխանությունը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։

Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատել. ու այս իրավիճակից ելնելով էլ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել են Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել է Քննչական կոմիտեին՝ հաղորդումը ստուգելու։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում