Մահվան աչքերի մեջ հազար անգամ եմ նայել, ոչինչ չի կարող ինձ վախեցնել․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
«Հայրենիքը մաս-մաս հանձնում են, և եթե մենք այսօր չհաղթանակենք, եթե Ճշմարտությունը չհաղթի, 20-30 տարի հետո սերունդները մեզ նզովքի տակ են պահելու»,- Սոթքում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ մենք օրհնում ենք այն սերնդին, որն 90-ականներին մեզ հաղթանակներ ու ազատագրված Արցախ, անվտանգ հայրենիք բերեց, սակայն եկող սերունդներին նզովքի արժանի ժառանգություն չպետք է թողնենք։
«Այնպես, ինչպես մենք այսօր օրհնում ենք նախորդ սերունդներին՝ ասելով՝ 90-ականներին մեզ ազատագրված, անվտանգ հայրենիք ընծայեցին, այդպես էլ հակառակը եկող սերունդները մեր մասին են խոսելու՝ ասելով՝ այքան թշվառ էին այս մարդիկ, որ ոչ մի բան չկարողացան անել, հազար պատճառ բերեցին, որ իրենց պատիվն ու հայրենիքը չպաշտպանեն։ Սա՛ է լինելու սերունդների նզովքը, բայց ես չեմ ուզում այդ նզովքի տակ մտնել, ես ուզում եմ այդ օրհնությունը ստանալ, օրհնված գնալ այս կյանքից։
Ուրեմն՝ այս ճանապարհից շեղվելու տարբերակ գոյություն չունի։ Մենք ենք և մեր հաղթանակը, դրանից այն կողմ ուրիշ բան չկա»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ պատրաստ է ամեն ինչի՝ այդ հաղթանակի ճանապարհին։
«Բացարձակ ոչինչ չկա, որն ինձ կարող է վախեցնել։ Մահվան աչքերի մեջ էլ հազար անգամ նայել եմ։ Բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց այս ձեռքերովս հուղարկավորել եմ։ Այո՛, դա էլ եմ տեսել, և ինձ եմ տեսել այդտեղ, բայց ոչ այն փառքով ու պատվով, որն իրենցն է, այլ անարգված»,- ասաց Սրբազանը՝ վստահություն հայտնելով՝ արժանապատվություն ունեցող ցանկացծ հայ դա է զգում ու այդպես մտածում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում