Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել: Նրա այցից առաջ շենքում, դրանից դուրս եւ հատկապես նիստերի դահլիճում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել: Հազարավոր ոստիկաններ պատ էին կազմել ԱԺ շենքի առջեւ, իսկ նրա այցից առաջ անվտանգության 4 աշխատակից դահլիճում հատ-հատ ստուգում էին պատգամավորների աթոռները, սեղաններից հավաքում ջրի շշերը։ Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:
Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում եւ ձայնային հաղորդագրություններ ուղարկում՝ հավանաբար, հրահանգներ տալով ենթականերին եւ անվտանգությանը: Իսկ ընդմիջումների ժամանակ, սթրեսը հաղթահարելու միտումով, շրջում էր ԱԺ այգում, որտեղից երեւում էր դրսում հավաքված բազմությունը: Նաեւ այցելել է բուֆետ, շփվել լրագրողների հետ: Իսկ սրբազանի հայտարարած հավաքի ժամին` հարցուպատասխանից առաջ, ԱԱԾ զորք է բերվել խորհրդարան, այդ թվում՝ դիմակավորված աշխատակիցներ:
ԱԺ աշխատակազմն էլ առավոտյան պատգամավորների եւ նրանց օգնականների ելումուտը սահմանափակող որոշում ընդունեց՝ ժամը 2-ից մինչեւ 22:00-ն թույլատրելով ելումուտը միայն Բաղրամյանի մուտքով: Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքը, փաստորեն, անառիկ էին պահել Նիկոլ Փաշինյանի համար:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թերեւս ավելի անհասկանալի գնում, քան փաստաթղթում ներկայացվածն է, դժվար թե հանդիպի։
Այսինքն՝ Սուրեն Պապիկյանի գերատեսչությունը չունի՞ փամփուշտ, կամ ինչի՞ համար, որտե՞ղ պետք է օգտագործվի 889 հազար դրամի փամփուշտը։
Գուցե որոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի այս խոշոր խմբաքանակը։
Սույն հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կփորձի պարզել։
Հ.Գ. Ամեն դեպքում չենք կարծում, որ երկրի այս աղետալի վիճակին զուգահեռ՝ Փաշինյանը դարձել է որսորդության սիրահար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է, սակայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմն անվտանգության նոր համակարգ է ձեռք բերել՝ տեսանկարահանման համակարգ, որը պետք է տեղադրվի շինության ներսում։ Այդ համակարգի համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն 366 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այն ոչ միայն պատկերը, այլեւ ձայնն է արձանագրում։ Տպավորություն է, որ այս սարքն ավելի շատ կառավարության աշխատողներին հսկելու, քան թե դրսից կողմնակի անձանց մուտքն արգելելու համար է՝ նկատի ունենալով, որ սարքը ներքին օգտագործման համար է։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը հասավ իր նպատակին` ժողովրդին պառակտեց երկու բանակի, ոստիկանությանը հանեց խաղաղ ցուցարարների դեմ, իշխանական պատգամավորներին` ընդդիմադիր պատգամավորների: Երեկ բախում եղավ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի մոտ: ԱԺ դահլիճում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն էին իրար քաշքշում, իսկ դրսում ոստիկանները ջարդում էին ժողովրդին: Անգամ լրագրողներ տուժեցին, եւ «Գենեզիս» ընկերության հիմնադիր, հայտնի հաղորդավար Աբրահամ Գասպարյանին արյունլվիկ արեցին: Ոստիկանական զորքի մեջ մենք նկատեցինք ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով, հավանաբար, կառավարում էր ժողովրդի դեմ կատաղի «մարտնչող» ներքին զորքերի գործողությունները:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև: Ընդ որում՝ այդ ամենը, բնականաբար, նա անում էր հազարավոր ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Նա Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաև մարզերից՝ ըստ էության տեղերում գրեթե ոստիկան չթողնելով:
Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:
Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ… Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կատարել տարիներ առաջ տված հրապարակային խոստումը, որ երբ հրապարակը` ժողովուրդը, պահանջի, ինքը կհեռանա,- երեկ հարցրել են նրան, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ աճպարարությամբ ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ առաջարկել է հարց տվող լրագրողին՝ գտնել իր խոսքերը, անգամ թայմեր է դրել` 2 րոպե: Մեր լրագրողն էլ Փաշինյանին հիշեցրել է, որ ինքը խոստանում էր, թե ընդդիմության դեմ փռվող փշալարերը, իր իշխանության գալուն պես, «ժանգոտվելու են»` չեն կիրառվելու, հիմա ԱԺ-ի մոտ փշալարեր են քաշում:
Փաշինյանն ասել է, թե չի հիշում. «Ահագին ժամանակ է անցել, ես շատ հայտարարություններ եմ արել: Մեջբերում արեք, ինձ էլ թեգ կանեք, ես կտեսնեմ»: Հիմա մեջբերենք Փաշինյանի` 2018-ին վարչապետ դառնալու 100 օրվա կապակցությամբ ասածը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ, ուրեմն, դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում