Որոշ ՔՊ-ականներ պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելն ու արկերի անհրաժեշտ քանակ ապահովելը՝ այլ բան․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին քպական պատգամավորները ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «շտամպային» գրառումահեղեղ էին սկսել առ այն, թե՝ անթույլատրելի է լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը և այդպես շարունակ: Խոսքը Հանրային լրագրողի մասին է, որի հասցեին, ըստ քպականների, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման էջում վիրավորական ձևակերպումներ կան: Մինչ բուն ասելիքին անցնելը, թեպետ էլի առիթ ունեցել ենք նշելու, մեկ անգամ ևս ընդգծենք. որևէ լրագրողի նկատմամբ որևէ բռնություն, վիրավորանքի դրսևորում կամ ճնշում գործադրելն անթույլատրելի է: Մեր ընկալմամբ՝ այստեղ քննարկելու բան չկա: Եթե եղել է նման որևէ դրսևորում, ապա դա դատապարտելի է: Բա՛յց:
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները: Հատկապես նրանցը, որոնք նախօրեին առանձնահատուկ ակտիվ էին: Ու բացարձակապես ոչինչ չգտանք այն մասին, որ դատապարտում են, օրինակ՝ իրենց այն կողմնակիցներին ու կուսակիցներին, որոնք միահամուռ թիրախավորել էին ասուլիսում Փաշինյանին տհաճ հարցեր ուղղած լրագրողներին: Ավելին, Կիրանցում, Ոսկեպարում ժողովրդական ընդվզման մեկնարկից ի վեր, մինչև օրս, փաշինյանական, քպական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյաների, հարկատուներիս հաշվին ապրող ոստիկանության տարակերպ ներկայացուցիչների ու ծառայողների կողմից իրականացվել են վերբալ ու ֆիզիկական հարձակումներ լրագրողների, դեպքերը լուսաբանող մեր գործընկերների վրա:
Բազմիցս բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչի բարձրակետը հունիսի 12-ը կարելի է համարել, երբ վերին ցուցումով հատուկ միջոցներ կիրառվեցին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում եղած խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում տուժեցին նաև լրագրողներ: Նախօրեին աղմուկ-աղաղակ դրած քպականներից քանի՞սն է դատապարտել լրագրողների վրա այդ հարձակումները, լրագրողներին՝ մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, լրագրողներին թիրախավորելն ու նրանց հասցեին, իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, զազրախոսելը:
Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է բավականին տհաճ մի բան. ըստ քպականների ընկալման՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ: Այդպես չի լինում: Ավելին, քպական պաշտոնյաներն ուղղակիորեն երջանկացած էին, բացահայտորեն խրախուսում ու ողջունում էին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործադրումը: Դա նույնիսկ «երկակի ստանդարտ» չէ: Դա ուղղակի զազրելի է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաեւ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, եւ տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, եւ ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիել յանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիել յանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից:
Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, մեծ ուրախություն՝ Հայաստանում: Մասնագետները գովում են հաուբիցները՝ դրանք հեռավար են, կրակի կառավարման ճկուն համակարգ ունեն, դիպուկ են եւ այլն: Բայց ոմանք ասում են` պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը` այլ բան: Բացի այդ, հրետանային միջոցները կիրառելու ունակ անձնակազմ պետք է ունենաս, քո համակարգին ինտեգրես: Ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ է հարկավոր ունենալ, իսկ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ: Այսինքն՝ եթե 30 հատ հրանոթ ունես` 180 հազար հատ արկ պիտի ունենաս:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը:
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից մինչև Նեմեսիսի արձանի ապամոնտաժում, Հայոց ցեղասպանության հիշատակումից հրաժարում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում, զինանշանի փոխում, Սահմանադրության փոփոխություն և այլն: Ու մեկ էլ… «առանց նախապայմանների»: Ինչի՞ հետ է կապված թուրքական կողմի տրամադրությունների նման փոփոխությունը: Մեզ հետ զրույցում մի քանի փորձագետներ շեշտում էին երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ակնհայտորեն տարածաշրջանում «ղեկն» իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ էական քայլեր են անում մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը, ինչը նշանակում է, որ թուրքերը հայտնվում են «խաղից դուրս» վիճակում:
Ըստ այդմ, Թուրքիայի ղեկավարին անհրաժեշտ է ստանալ «օրակարգ թելադրողի» կարգավիճակ: Ի վերջո, հրաժարվելով «նախապայմաններից»՝ Թուրքիան փաստացի ոչինչ չի կորցնում, քանզի Նիկոլ Փաշինյանն, այսպես թե այնպես, հետևողականորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները, իսկ տարածաշրջանում դիրքերը զիջելը Էրդողանի պլանների մեջ չի մտնում: Երկրորդ գործոնը կապված է հենց այս վերջին դիտարկման հետ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանում հասել է «հատակին», հանրության մեջ դժգոհությունը հասել է ահռելի չափերի, ինչի մասին են վկայում նաև «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու դրան աջակցողների մեծ քանակը: Ուստի, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին անհրաժեշտ է «ատամներով» պահել Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով հերթը հասել է մի շարք լրատվամիջոցների տուժած լրագրողների եւ օպերատորների հարցաքննությանը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։
Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիներին հարցաքննելիս էլ օրենքի պահապանները ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներն են պաշտպանում, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողների կամ կազմակերպողների դեմ ցուցմունքներ կորզելու համար են հարցաքննում:
Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի խոստացած Խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին հանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից հետո։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային հայտարարություն արեց, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր արել` կապված Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման պայմանագրի հետ, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:
Հիշեցնենք, որ հիշյալ միջոցառումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնյակ երկիր է հրավիրված։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ հուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնա այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որին կփորձի տիրանալ նոյեմբերյան միջոցառումից հետո, որպեսզի այդ միջոցառումը չտապալվի։ Ի դեպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթե Հայաստանը չհրաժարվեր իր հայտից` հօգուտ Ադրբեջանի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում