Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանն ու Սաուդիան Արաբիան ողջունել են Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանն ու Սաուդիան Արաբիան ողջունել են Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետությունը ճանաչելու մասին կայացված որոշմանը:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է.

«Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքների նկատմամաբ և ճանաչում է Պաղեստին պետությունը»:

Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել՝ որպեսզի ավելի շատ պետություններ ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին է ողջունել պաղեստինյան պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը։
Ըստ քաղաքական գերատեսչության՝ դա կարևոր քայլ է, որն արտացոլում է Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և միջազգային լեգիտիմության մասին համապատասխան բանաձևերի պահպանումը:

Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան դոկտոր Սուֆյան Ալ-Քուին վերահաստատում է Թագավորության կողմից Հայաստանի կայացրած որոշման բարձր գնահատականը և աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ազատության և անկախ ինքնիշխան պետության իրավունքին՝ 1967թ.հունիսի 4-ի սկզբունքներին համապատասխան։

Եգիպտոսը նույնպես ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։

Ըստ երկրի ԱԳ նախարարության հայտարարության՝ ճանաչումը կարևոր քայլ է, որով աջակցություն է բերվում Պաղեստինի ժողովրդի իրավունքների լեգիտիմությանը՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ստեղծելով անկախ պետություն։

Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը ողջունել է նաև Սաուդյան Արաբիայի Թագավորությունը։ ԱԳ հայտարարության համաձայն, այդ որոշումը կարևոր քայլ է 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման գործընթացին աջակցելու համար և այդ քայլը կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում