Գոհունակություն ենք տածում հարգարժան Փաշինյանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար․ Էրդողան

Գոհունակություն ենք տածում հարգարժան Փաշինյանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։


Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։

Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որով ճանաչում էր Պաղեստին պետությունը։

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը»,-նշված էր հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում