Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին և ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին եւ ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից եւ նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են: Չնայած Փաշինյանն իրենցից հաշիվ չի պահանջում, ուղիղ չի ասում, բայց նրա արած ակնարկներից, կսմիթներից, երբեմն անգամ իրենց ասածներից բառացի ցիտատներ բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը հետեւում է բոլորին, եւ նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաեւ գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում թեժ քննարկվում է, թե ինչպես պետք է պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցներին, մասնավորապես՝ ՔՊ վարչության անդամներին, հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին, ու այն կարող է շատ թեժ լինել ու անկանխատեսելի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններնում վերարտադրվելու համար: Իշանականները ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ, որպեսզի ամեն կերպ հասկանան, թե 2026-ին իրենց ինչ է սպասվում, որտեղ են թույլ, որտեղ՝ ուժեղ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքը երեկ գրեց, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում նոր պահանջներ են ներկայացված․ որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերում է արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը եւ էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիների մասին ՀՀ բողոքներին, ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու պահանջներին: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել նաեւ այս պահանջները, ինչն առաջացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը, ով արձակուրդում է եւ հնարավոր է չվերադառնա` հրաժարական տա։ Իհարկե, Կիրակոսյանի գրասենյակից հերքեցին տեղեկությունը, թե նման բան չկա, բայց վերջինս արձակուրդում է:
Մեր տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։ Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել: Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական: Առիթն այն էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը: Ըստ այդմ, եթե կարճ ձևակերպենք, Վեհաժողովը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նման դեպքերի համար արդեն կա դասական դարձած արտահայտություն՝ «իյա՜, իրո՞ք»:
Ոստիկանության, ուրեմն, բարեփոխումներ: Մի կողմից՝ ԵԽ-ն խոստովանում է, որ ինքն է նման ոստիկանության «կնքահայրը» կամ «կնքամայրը»: Մի ոստիկանություն, որի գլխավոր գործառույթը մնացել է միայն Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդից «պաշտպանելը», իսկ զուգահեռ իրականության մեջ հանցագործություններն անշեղորեն աճում են: Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ի բանաձևում այդ նշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ, անգամ՝ ցուցադրական ծաղր իրականության և Հայաստանի քաղաքացիների, մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքների հանդեպ: Հիշեցնենք, որ այդ «բարեփոխված» ոստիկանությանը հայ ժողովրդի ներկայացուցիչներն արդեն շատ ավելի դիպուկ բնորոշում են տվել՝ «բարեփոխված գեստապո»:
Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ ՆԳՆ-ում խիստ ուրախացել են ԵԽԽՎ-ի կողմից տրված նման՝ իրականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող գնահատականներից, ապա միայն զարմանալ կարելի է: Ի վերջո, իրենք հո ԵԽԽՎ-ի հետ չեն հարաբերվո՞ւմ, այն էլ՝ Ստրասբուրգում, այլ հայ մարդկանց հետ՝ Երևանում և այլ բնակավայրերում: Երկրորդ. եթե պարգևավճարների դիմաց խաղաղ ցուցարարներին խոշտանգելը, վնասվածքներ պատճառելը, նպատակային հարձակվել-ծեծելը բարեփոխում է, ուրեմն, դուք ճիշտ է, հանգիստ ուրախացեք: Այդ բարեփոխումը ստացվել է…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տեւում:
Դեռ հունվարին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:
Գրել էինք, որ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գործող հիմնական գրասենյակը տեղափոխվելու է, քանի որ այն փոքր է «ախորժակները մեծացրած» ՔՊ-ականների համար ու այնտեղ էլ չեն կարողանում մեծ նիստեր անցկացնել:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
Ի դեպ, նոր գրասենյակը 2022թ․-ից դեռ վերանորոգման փուլում է:
ՔՊ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է այն պատրաստ լինի, սակայն արդեն հունիս ամիսն ավարտվում է, իսկ շենքը դեռ պատրաստ չէ:
Իշխող կուսակցությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չգիտեն՝ երբ պատրաստ կլինի:
Տեղեկացնենք, որ ՔՊ կուսակցության երկհարկանի նոր շենքը, որը գտնվում է հանրապետության 49 հասցեում, վարձակալված է 2022թ․-ից, ամսական վարձավճարը 3․ 990 000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսեւ նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ: Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի: Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում եւ երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են առել Ժորա անունով քաղաքացու տանը: Պարզվում է, նա երկար ժամանակ երազել է սահմանի վրա տուն ունենալ, եւ նրան այդ տունը գնել ու նվիրել է այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը: Մեր թղթակիցը Սյունիքից հաղորդում է, որ կեսգիշերից հետո` ժամը 3-ին, մեքենաներով շարժվելու են դեպի Խուստուփ լեռ` արեւածագը սարերում դիմավորելու:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում