Նիկոլ Փաշինյանը կփակի ատոմակայանը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ ՀՀ իշխանությունը դեռեւս չի խոստովանում, որ իրենց առջեւ նման պահանջ է դրված։ ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։
Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արեւմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի․ նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։ Փաստորեն, Արեւմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարեւոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սեւ ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Գինեվետ և Այգեզարդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող Կարմիր սարը, որի ունեցած կրաքարի պաշարներն օգտագործվում են ցեմենտի արտադրության մեջ, հայտնվել է մի քանի հանքարդյունահանող ընկերությունների՝ «ՄԼ Մայնինգ», «ԴԻԳԸՆԴԻԳ», «Գռանուլս», «ՕՐԴ», «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ների, այսպես ասենք, ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում: Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների 98 տոկոսից ավելին դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Հավաքվել է 2300 ստորագրություն։ Բնակիչներն ու բնապահպաններն ահազանգում են հանրային լսումների անցկացման ոչ պատշաճ իրազեկման մասին, օրինակ՝ Այգեզարդի բնակիչը կարողացել է մասնակցել «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ի կազմակերպած միայն թվով երրորդ լսմանը:
Նշում են նաև, որ փաստաթղթերն ուսումնասիրելիս շրջակա միջավայրի նախարարության կայքից են պարզել, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին և չեն մասնակցել նրանց: «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերության հայտում որպես մոտ բնակավայրեր նշված են Այգեզարդ, Քաղցրաշեն, Նոր ուղի գյուղերը, սակայն թե ինչո՞ւ դրանք չեն ճանաչվել ազդակիր համայնքներ և նրանց բնակիչները ևս չեն իրազեկվել հանրային լսումների անցկացման մասին, շատերի համար տարակուսելի է: Բնապահպանները ևս նախօրեին ահազանգում էին և հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է՝ որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը:
Կարմիր սարում գոյություն ունի 14 տեսակի բարձրակարգ բույս, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, երեքը՝ միջազգային Կարմիր գրքում, որոնցից մեկն էնդեմիկ տեսակ է և աճում է միայն այդտեղ։ Կարմիր սարում նաև 17 տեսակի կարմիրգրքային կենդանի կա: Հանքարդյունահանումը այս շրջանում կարող է մեծ վնաս հասցնել նաև գյուղատնտեսությանը, քանի որ փոշին, որը կկլանեն միրգն ու բանջարեղենը, դրանք կդարձնեն ոչ պիտանի: Ստացվում է, որ գյուղերը կկորցնեն իրենց եկամտի հիմնական աղբյուրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորների մի խումբ, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո, երեկ գնացել էր Կիրանց ու ժպիտը դեմքներին` լուսանկարներ հրապարակել:
Կիրանց մեկնած «պատվիրակության» կազմում էին Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը:
Ընդ որում, ՔՊ-ականները Տավուշ էին գնացել հատուկ «դրես կոդով». հագել էին միանման շապիկներ՝ Հայաստանի զինանշանն էլ վրան պատկերված, հենց նույն զինանշանը, որը թավշյահեղափոխականները ցանկանում են փոփոխել՝ համարելով անարժեք:
«Ժողովուրդ» օրաթերթին Կիրանցի բնակիչներից պատմեցին, որ ՔՊ-ականները գաղտագողի գնացել են Կիրանց, իրենց խոսքով՝ նկարվելու համար:
Տեղի բնակիչները Արփի Դավոյանի լուսանկարներից են միայն տեղեկացել, որ ՔՊ-ականները Կիրանցում են եղել:
Բնակիչների հետ, որպես այդպիսին, հանդիպում չի էլ եղել:
ՔՊ-ականները 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի եւ մի քանի զինվորականների ուղեկցությամբ շրջել են Տավուշի այն հատվածներում, որտեղ սյուներ են վերջերս տեղադրվել, որոնք, ըստ ՔՊ-ի, պետք է տեղացիներին պաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից: Այսինքն` ի վերջո, որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երեւանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների եւ մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։
ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։ Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, եւ նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարեւոր նշանակության եւ պահպանության ենթակա օբյեկտ չէ, եւ եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում