Մի գիշեր մենք կարող ենք F-35-ներով հանկարծակի գալ Անկարա․ հույն նախարար

Մի գիշեր մենք կարող ենք F-35-ներով հանկարծակի գալ Անկարա․ հույն նախարար

Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մի գիշեր իրենք կարող են հանկարծակի հարվածել Անկարային F-35-ներով։ Մեկ շաբաթ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը նույնպես հանդես էր եկել Թուրքիային վրդովեցնող նմանատիպ հայտարարություններով, որոնք թիրախավորում էին Կիպրոսի թուրքերին ու թուրքական բանակին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական կողմը դժգոհել էր նախ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի՝ թուրքերին որպես օկուպանտ բնութագրող ձևակերպումներից, ապա նաև՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ «մեկ պետությամբ» խնդրի լուծման և Թուրքիայի երաշխիքներից հրաժարվելու մասին հայտարարություններից։

Հունաստանի առողջապահության նախարարն էլ, ելույթ ունենալով Open TV-ի եթերում, հայտարարել է, որ ցանկության դեպքում իրենք կարող են թիրախավորել Անկարան՝ պնդելով, որ Թուրքիան ավիացիայի բնագավառում զրո է։

Ադոնիս Գեորգիադիսը մասնավորապես նշել է․

«Թուրքերի՝ «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» կարգախոսն ինձ ծիծաղեցնում է։ Փաստորեն, մենք կարող ենք հանկարծ մի գիշեր Թուրքիայում լինել մեր գնած F-35-ներով, կարող ենք մի գիշեր հանկարծ լինել Անկարայում՝ F-35-ներով։ Ես չեմ ասում, որ մենք դա անելու ենք, բայց Էրդողանն ինձ ծիծաղեցնում է նման հայտարարություններով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում