ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը, որով վերջինս սպառնում է նոր պատերազմ սկսել
Նմանատիպ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որով վերջինս Հայաստանի Հանրապետությանը սպառնում է պատերազմով։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,-ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, սպառնալով Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմով։
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում է հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները», – նշվում է այդ երկրի ՊՆ հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում