Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն ու կոտրել ձեռքը

Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն ու կոտրել ձեռքը

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն արցունքաբեր գազը փչել են արցախցու դեմքին, դաժան ծեծի ենթարկել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ խոսքն իր հարազատ եղբոր մասին է։

Նա մանրամասնել է, թե պարեկները մոտեցել են իբր մեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու հարցով։ «Խոսակցության ընթացքում  արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաներ հագցրել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա նրա ձեռքն ու թաթի մատերը կոտրված են, աչքերն ընդհանրապես չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում է»,-նշել է Երիցյանը։

«ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու՞ չէ՝ նաև թշնամական վերաբերմունք։ Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկռտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժևորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։

Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում»,-հավելել է Երիցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում