Տրանսպորտային սկանդալ` Թուրքիայի և Իրանի միջև

Իրանի ճանապարհների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության տարանցիկ փոխադրումների և սահմանամերձ պահեստարանների վարչության տնօրեն Մոհամեդ Ջավադ Աթարչիանը, անդրադառնալով տարանցիկ հաղորդակցության ոլորտում ստեղծված թուրք-իրանական ճգնաժամին, մասնավորապես, նշել է, որ «տարանցիկ ավտոմոբիլային բեռնափոխադրումների հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները կարգավորելու նպատակով Իրանը թուրքական կողմին ներկայացրել է իր առաջարկները, և եթե Թուրիքիան չընդունի դրանք, ապա իրանական կողմը կդադարեցնի իր տարածքում թուրք վարորդներին վառելիքի վաճառքի գործընթացը»: «Եթե Թուրքիան Իրանի առաջարկները չընդունի, ապա Թեհրանը թուրք վարորդներին անգամ մեկ լիտր վառելիք չի վաճառի», -ասել է նա:

Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանական կողմի որոշումը պաշտոնյան հիմնավորել է այն բանով, որ Թուրքիան իրանական բեռնատար ավտոմեքենաների համար յուրաքանչյուր 100 կմ-ի դիմաց 50 եվրո է պահանջում վճարել, բայց, միաժամանակ, չի թույլատրում, որպեսզի իրանական ավտոմեքենաների համար վառելիք գնվի իր տարածքում:

Թուրքիայի և Իրանի միջև այդ ճգնաժամը ծագել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը միակողմանի երկու անգամ մեծացրել է բեռնատար ավտոմեքենաների համար 1994 թվականին երկկողմանի համաձայնությամբ հաստատված հարկի չափը` խախտելով այն:

«Եթե իրանական կողմը նախկինում տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների համար վճարում էր 750 դոլար, ապա այժմ այդ գումարը կազմում է 1500 դոլար: Սակայն, թուրքական կողմն էլ իր հերթին պնդում է, որ պայմանավորվածությունը խախտել է Իրանը` մեծացնելով հարկը, ինչն էլ բերել է Թուրքիայի պատասխան քայլին», -նշել է իրանական աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում