Մինսկի խմբի ձևաչափը միակ ճիշտ ճանապարհն է . Գերմանիսայի դեսպան

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի կարծիքով` օրերս Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ սպասել: «Անշուշտ, դրական է այն, որ ոչ բարեկամակա ն կողմերը կրկին հանդիպում են: Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանսիայի նախագահը նախաձեռնություն հադես բերեց և երկու կողմերին հրավիրեց հանդիպման: Կարծում եմ` չպետք է չափազանց լավատես լինել և այս հանդիպումից մեծ արդյունքներ ակնկալել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպան Մորելը` ընդգծելով, որ երկու երկրների նախագահները պետք է փորձեն նաև բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել:

Գերմանացի դիվանագետը նաև վերահաստատեց, որ Գերմանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին և որ այս ձևաչափը միակ ճիշտ ճանապարհն է բանակցային գործընթացը շարունակելու համար:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչն իր հերթին կարևորեց այն հանգամանքը, որ նախագահների մակարդակով հանդիպումներն սկսել են ավելի հաճախակի բնույթ կրել: «Մեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս գտնվող երկրներիս, խնդիրն է ուղիներ փնտրել աջակցելու խմբի գործունեությանը»,- հավելեց դեսպանը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների,ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում