Իշխանությունները «հավատարիմ» են իրենք իրենց և շարունակում են ատելության մթնոլորտը խորացնելու ճանապարհը. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը նորից սկսել են քարոզչական հարթակներում գործել իրենց հարազատ դարձած գործիքակազմով, այն է՝ լինելով ուղեղներ լվանալու վարպետներ՝ փորձում են այդ ճանապարհով հասարակական կարծիքի վրա ազդեցություն գործել, բայց ոչ թե PR-ի, այլ առավելապես հակաPR-ի միջոցով: Ի մասնավորի, հորինում են կեղծ, ստահոդ կոնտենտ՝ փորձելով վարկաբեկել, հեղինակազրկել, անվանարկել ընդդիմախոսներին: Օրերս էլ ակնհայտորեն իշխանական քարոզչամեքենայի կողմից պատրաստված մի տեսանյութ է «շրջում» սոցցանցային հարթակներում, որի ամբողջ իմաստն այն է, թե իբր ռուսական հատուկ ծառայությունները պատրաստվում են հեղափոխություն (կամ իշխանափոխություն) իրականացնել Հայաստանում:
Հիշատակվում են Բագրատ Սրբազանի, այլ ընդդիմադիրների անուններ, իսկ կոնտեքստում իշխանականներին չի հաջողվել թաքցնել ընդգծված անհանգստությունները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանի քաղաքական գործունեությունից ու ակտիվությունից: Ավելին, իշխանությունները վերջին օրերին գտել են նրա հետ որևէ առնչություն ունեցած անձանց, որոնց օգտագործում են՝ սոցցանցերում, տարբեր եթերներում Կարապետյանի դեմ արշավ իրականացնելու համար: Ընդ որում, իշխանությունները, ինչպես միշտ, իրենց նպատակներին հասնելու համար չեն խորշում որևէ միջոցից՝ ընդհուպ մտնելով անձնական դաշտ: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արշակ Կարապետյանը իր թիմակիցներին հանձնարարել է որևէ կերպ չներքաշվել նման ցածրակարգ բանավեճերի տիրույթ` շեշտելով, որ քաղաքական գործունեություն սկսելիս ինքը, գիտակցելով ապագա գործընթացներում իր պատասխանատվության աստիճանը, ամբողջապես մի կողմ է դրել իր անձնականը։
Այսինքն, փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը շարունակում են հանուն իրենց աթոռների ոչ միայն ամենօրյա ռեժիմով վնասել երկրին, այլև ավելի խորացնել ատելության մթնոլորտը, չնայած իրենք վաղուց պետք է համոզված լինեին, որ դա երկսայր սուր է, և, ի վերջո, շրջվելու է հենց իրենց դեմ…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում