Տասը սիրիահայ հնարավորություն ստացան աշխատանք գտնել Հայաստանում
Նմանատիպ
Տասը սիրահայ հնարավորություն ստացան վարսահարդարության ոլորտում աշխատանք գտնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Սիրիայից Հայաստան տեղափոխված տասը հայի հոկտեմբերի 29-ին հանձնվեցին ուսուցումն ավարտելու հավաստագրեր: Ուսուցումն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ը (Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի) և «ԿԱԶԱ» հայ-շվեյցարական բարեգործական միության համատեղ ծրագրի շրջանակում:
«Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի ղեկավար Մարինե Թունյանի խոսքով` հունվարից «ԿԱԶԱ» հիմնադրամը դարձավ ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնական գործընկեր, ինչի արդյունքում կրթության միջոցով փորձեցին ինտեգրել սիրիահայերին, փախստականներին, ապաստան հայցողներին:
«Այս ծրագրի շրջանակում կարողացանք սիրիահայերին և փախստականներին տեղացիների հետ հավասար պայմաններով ներգրավել ուսումնական ծրագրերում ապահովել նրանց ինտեգրումը և կրթությունը, ինչի շնորհիվ հետագայում իրենք կգտնեն աշխատանք», – ասաց Մարինե Թունյանը:
Ընդհանուր մասնագիտական կրթություն ստանում են 34 հոգի, որոնցից 12-ը` խոհարարական գիտելիքներ, 10-ը` վարսահարդարների և 12-ը` դերձակ մոդելավորողների:
«Վարսավիրությունն այնպիսի արհեստ է, որն աշխարհի ցանկացած վայրում ունի պահանջարկ: ՄԱԿ ՓԳՀ-ը Սիրայում հակամարտության առաջին օրերից ավելի շատ ուշադրություն էր դարձնում մարդկանց առաջին օգնության ցուցաբերմանն ու տրամադրմանը, սակայն մենք հիմա պետք է նաև օգնենք սիրահայերին Հայաստանում ոտքի կանգնել», – ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերուիրթին:
Ծրագրի մասնակիցներից Սեդա Աբրահաման-Այվազյանը արդեն երկու տարի ամուսնու և երեխաների հետ գտնվում է Հայաստանում, այս ընթացքում նրանց հաջողվել է երեխաների ուսումը շարունակելու հնարավորություն ստեղծել, իսկ իրեն դեռ չի հաջողվել աշխատանք գտնել:
«Մանկուց երազել եմ սովորել վարսահարդարություն և չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Չեմ ծրագրում աշխատանքի ընդունվել, հավանաբար տան պայմաններում կաշխատեմ: Ներկա պահին իմ հմտությունները կատարելագործում եմ հարազատներիս և բարեկամներիս օգնությամբ, ովքեր վստահում են ինձ», – ասաց Սեդա Աբրահաման-Այվազյանը:
Վարսահարդարման ծրագրի շրջանավարտներին նաև հանձնվեցին նվերներ` վարսավիրական առաջնային անհրաժեշտության պիտույքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում