«Մուտք դեպի շուկա»․ ԲՏԱ նախարարության, «Ֆասթ մեդիա»-ի ու «Bahamut Foundation»-ի համատեղ ծրագրին դիմելու վերջնաժամկետը մոտենում է

«Մուտք դեպի շուկա»․ ԲՏԱ նախարարության, «Ֆասթ մեդիա»-ի ու «Bahamut Foundation»-ի  համատեղ ծրագրին դիմելու վերջնաժամկետը մոտենում է

«Գաղափարից՝ բիզնես» ծրագրի շրջանակում «Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթին հայտեր ներկայացնելու համար մնացել է ընդամենը երեք օր։ Այդ թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ՏՏ ընկերություններին հորդորեց բաց չթողնել ընձեռնված հնարավորությունը և անպայման դիմել։

Ծրագրին, որը մի քանի տարի է՝ ինչ անցկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱ), այս տարի միացել են նաև «Ֆասթ մեդիա» ընկերությունն ու«Bahamut Foundation»-ը։

«Մուտք դեպի շուկա» մրցույթի նպատակը նորարարական գաղափարներով, արտադրանքով աչքի ընկնող հայկական ընկերություններին օգնելն է՝ դուրս գալ միջազգային շուկա։ Մրցույթն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մի քանի փուլով կանցկացվի․ նախ կլինի աքսելերացիոն փուլ, այսինքն՝ «սքրինինգ» անցած դիմորդների համար կանցկացվեն թրեյնինգներ, որին կհետևի «փիչինգ»-ի փուլը։

Սահմանված չափանիշներին՝ նորարարություն, արտադրանք, մրցունակություն, ֆինանսական մոդել և այլն, համապատասխանող ընկերություններին նախարարությունը կտրամադրի ընդհանուր 290 մլն դրամ՝ յուրաքանչյուրին մինչև 10 մլն դրամի սահմանում դրամաշնորհ։

«Գաղափարների առումով չենք ուզում սահմանափայել ՏՏ ընկերություններին, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե որն է մոտակա տարիների պահանջարկը։ Ունենք հետևյալ խնդիրը՝ մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ինժեներները, ունենալով շատ լավ պրոդուկտ, հաճախ դժվարանում են վաճառել այն։ Այս ծրագրով ուզում ենք օգնել նրանց այդ հարցում, իսկ հաղթողներին կընտրի մասնագետներից կազմված ժյուրին»,-նշեց փոխնախարարը։

Ընտրված ստարտափներից «Bahamut Foundation»-ը կընտրի արդեն իր սահմանած չափանիշներին համապատասխանող ընկերությանը կամ ընկերություններին և կտրամադրի հավելյալ 50 մլն դրամ։

«Այս տարի շեշտը դնելու ենք բոլոր տիպի ստարտափներին առավելագույնս օգտակար լինելու վրա, բայց և առավելություն ենք տալու ներդրման ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերությանը։ Բացի դրամաշնորհից, նաև գործընկերային հարաբերություններ ենք զարգացնելու ընտրված ընկերության հետ, օգնելու ենք մեր բիզնես կապերով»,-ասաց «Bahamut Foundation»-ի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը։

Վերջինս նաև հավելեց, որ նախատեսված գումարը հնարավոր է բաշխվի երկու ընկերությունների միջև, եթե սահմանած չափանիշներին բավարարեն ոչ թե մեկ, այլ երկու ընկերություն․ անգամ հնարավոր է գումարի սահմանաչափի վերանայում։

«Ֆասթ մեդիա»-ի առաքելությունն այս ծրագրում, նախ և առաջ, ծրագիրը կյանքի կոչող կողմերի կատարած աշխատանքը ցույց տալն է լինելու։ Դրա համար, ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի համոզմամբ, ունեն բավականին մեծ և՛ ստեղծագործական, և՛ տեխնիկական պոտենցիալ։

«Կադրից դուրս արված հսկայական աշխատանքը միշտ չէ, որ ստացվում է ցույց տալ, բայց համոզմունք ունեմ, որ մեր լսարանին կկարողանանք մատուցել բավականին հետաքրքիր ծրագիր։  Կատարված ծանր աշխատանքն օրագրերով, տարբեր ձևաչափերով ներկայացնելու համար ունենք բոլոր պայմանները՝ այդ թվում տեխնոլոգիապես հագեցած տաղավար։ Ձևաչափի մասին շատ չեմ ուզում մանրամասնել, բայց ասեմ, որ նախնական 12 հաղորդում ենք նախատեսում, իսկ եթե կլինեն փոփոխություններ, ապա անպայման կտեղեկացնենք»,-իր խոսքում շեշտեց «Ֆասթ մեդիա»-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում