Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»

Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրակրթական դպրոցների դասագրքերի ոդիսականը շարունակվում է: Այս օրերին տարբեր դասագրքերի հետ կապված՝ բազմաթիվ գրառումներ են հանդիպում համացանցում, թե ինչ խայտառակ տեքստեր են տեղ գտել, ինչ վատ կազմեր ունեն դրանցից որոշները: Մի քանիսի հեղինակներն էլ ցավոտ են տանում այդ քննադատությունները և վիրավորական հարձակումներ են սկսում սոցցանցերում:

Այս ամենին զուգահեռ՝ տեղեկություններ ենք ստանում, որ նոր չափորոշիչների անցած դասարանների համար ռուսաց լեզվի դասագրքեր չեն հրատարակվել, ու աշակերտների բաժանվել են հին դասագրքեր: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից պատասխանել են, որ «Ռուսաց լեզու» առարկայի 2-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար դասագիրք չի ստեղծվել՝ հայտեր չներկայացվելու կամ ներկայացված հայտերի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով: «Վերոնշյալ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկայի դասավանդումն իրականացվում է հին դասագրքերով»,-նշված է պատասխանում:

Ստացվում է՝ կա՛մ Հայաստանում չկան ռուսերենի այնպիսի մասնագետներ, որ կարողանան «նոր չափորոշիչներին» համապատասխան դասագիրք կազմել, կա՛մ ռուսաց լեզվի մասնագետները չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել: Իսկ որ դրանք խայտառակ են, բազմաթիվ մասնագետներ վաղուց բարձրաձայնում են ամենօրյա ռեժիմով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում