Ի՞նչ են քննարկել Բագրատ Սրբազանն ու ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»

Ի՞նչ են քննարկել Բագրատ Սրբազանն ու ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին եւս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը եւ խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, եւ Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաեւ այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաեւ շարժման առաջիկա անելիքները:
Բագրատ սրբազանը եւ ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման եւ պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում