ԱՄՆ կոնգրեսում ներկայացրել են օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը հօգուտ Արցախի բռնագրավելու մասին

ԱՄՆ կոնգրեսում ներկայացրել են օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը հօգուտ Արցախի բռնագրավելու մասին

Միացյալ Նահանգերի կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու մասին:  

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հավելելով, որ օրինագծի համաձայն՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծվելու է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կորցրած եկամուտները փոխհատուցելու համար:

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների», — ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ պետք է ապահովվի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Լեռնային Ղարաբաղի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։

Կոնգրեսական Շիֆի նախաձեռնությանը միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը և այլ կոնգրեսականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում