Անշարժ գույքի հայկական շուկան կներկայացվի արտաքին ներդրողներին

Անշարժ գույքի հայկական շուկան կներկայացվի արտաքին ներդրողներին

Երևանում տեղի կունենա Armenian Real Estate Globalization Summit համաժողովը։ Միջոցառման մասին Ալեքսանդ հյուրանոցում ազդարարել են Big Projects ընկերության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի ղեկավարները:

Ինչպես հայտնում է  estatenews․am-ը, համաժողովը տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում՝ հոկտեմբերի 25-26-ը՝ Երևանում։ Այն նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։

Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Big Projects ընկերությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան համատեղ ուժերով համաժողովը կազմակերպելու և համաժողովի միջոցով իրենց առջև դրված խնդիրները լուծելու մտադրության մասին եռակողմ համատեղ հռչակագիր են ստորագրել:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։ Համաժողովը կլուսաբանի կարևոր թեմաներ՝ սկսած միջազգային ներդրումներից մինչև քաղաքաշինական նորարարությունները:

Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ Armenian Real Estate Globalization Summit 2024 առաքելությունն է ՀՀ անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին մոտեցնելը  և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ այն դարձնելով ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար:

Համաժողովի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը, նպաստել խոշոր կառուցապատման նախագծերին և ստեղծել նոր հնարավորություններ՝ հայաստանյան անշարժ գույքի շուկայի համաշխարհային մակարդակում դիրքավորելու համար, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր երկխոսությանը: Առաջատար հայ և միջազգային կառուցապատողներ, ճարտարապետներ և ոլորտի փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը՝ շեշտը դնելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բնապահպանական ստանդարտների և արդյունավետ կառավարման մեթոդների վրա:

Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։

Միջոցառումը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում