Արցախցիների կենսապայմանները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվեց

Արցախցիների կենսապայմանները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվեց

ԱԺ-ն այսօրվա նիստում դեմ քվեարկեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծելուն: Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն։

Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը և ընդգծեց, որ ՀՀ Կառավարությունը և կառավարող խմբակցությունը առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ է ներդրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսագործունեության ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ։

«Այդ ծրագրերը շարունակվում են: Մեր հանրությունը դա ամենօրյա ռեժիմով տեսել և ականատես է եղել դրան: Եվ մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված, և մենք էլ՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում՝ հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ ինչու չէ, աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի:

Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը, այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Եվ մենք, երեկ լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՛ւ են պետք այս հարցերի, եթե իրենք ունեն նման հարցեր, դրանց պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ այն, ինչ իրենք լսեցին քաղաքական մեծամասնության կողմից, փորձ է՝ հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից:

«Քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացումն է: Եթե երեկ բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում, որ փաստարկված չէ այն, որ հսկայական միջոցներ, այդ թվում՝ սփյուռքից ու միջազգային գործընկերներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։ Խորհրդարանը ունի և պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն։ Դա պետք է այս հանձնաժողովի կարևոր առաքելությունը լիներ։ Եթե չեք մասնակցելու, դա նշանակում է, որ դուք տորպեդահարում եք և չեք կատարում Սահմանադրական ձեր պարտականությունները»,-ասաց Մինասյանը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում հայտարարել մինչև քվեարկությունը։

Ընդմիջումից հետո իրականացված քվեարկությամբ 28 կողմ, 56 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդդիմության առաջարկը մերժվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում