Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է քաղաքական ակտիվ երկխոսություն․ Փաշինյան

Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է քաղաքական ակտիվ երկխոսություն․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը համարել է ակտիվ։

«Շատ ուրախ եմ նշել, որ վերջին ամիսներին մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել, մեզ մոտ եկավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ոչ միայն տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլև մենք բավականին բովանդակալից խոսեցինք բոլոր հարցերի շուրջ։

Հոկտեմբերի սկզբին մենք անցկացրել ենք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ։ Այս միջոցառման շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել ենք մեր համագործակցության հարցերը և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի օրակարգը։ Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք ամփոփել այս քննարկումները»,-Նշել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի կապերը դինամիկ կերպով զարգանում են։

Նրա խոսքով՝ 2024 թվականի արդյունքներով առևտրաշրջանառությունը կարող է հասնել 14-16 մլրդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի։

Պուտինը նշել է, որ պլանավորում է երկկողմ բանակցություններ վարել Փաշինյանի հետ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Դա կարող է լինել և՛ օգտակար, և՛ հետաքրքիր։ Այնտեղ երկկողմ ձևաչափով կհանդիպենք և կշփվենք բազմաթիվ գործընկերների հետ»-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում