Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում ուսուցիչը հարվածել է երեխային ու շրջել սեղանը

Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում ուսուցիչը հարվածել է երեխային ու շրջել սեղանը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը կիսվել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում իր՝ 14-ամյա երեխայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ դպրոցի ուսուցիչը, ըստ ծնողի, երեխային հարվածել է:

Կնոջ խոսքով՝ երեխան սովորում է 9-րդ «Ա» դասարանում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։30-ին, երեխայի հեռախոսից իրեն զանգահարել է դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը, կանչել դպրոց, ասել՝ ռազմագիտության դասի ժամանակ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն է արել, և վիճաբանություն է առաջացել։

«Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել է հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։ Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են, և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային՝ չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Նույնիսկ ուսուցչից ներողություն խնդրեցի, և տուն վերադարձանք։

Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ՝ այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են, նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջորդր օրը գնացի դպրոց, ու դասղեկը արդարանալով ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։ Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկը իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել»,- պատմել է ծնողը:

Վերջինիս խոսքով՝ այդ ամենից հետո դասղեկը իրեն կանչել է դպրոց ու խոստովանել՝ ուսուցիչը հարվածել է երեխային, բայց այդ ամենի մեղավորը իր երեխան է․ «Ասաց, որ այնպես կանեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչողություն չստանա, բայց ես գնալու եմ մինչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։ Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում