ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում
Նմանատիպ
1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:
«Լևոն Ջուլֆալակյանը ըմբշամարտի վառ ներկայացուցիչ է։ Նա իր ողջ կյանքը կապել է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Այն հսկայական փորձը, որն ունի Ջուլֆալակյանը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Ջուլֆալակյանը 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։
ՖՍԲՌ-ի ղեկավարը նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, տասնամյակ շարունակ կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկն է եղել:
«Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ է»,-ընդգծել է ՖՍԲՌ-ի նախագահը:
Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում