Meta-ն նոր տեխնոլոգիա է գործարկում
Նմանատիպ
Meta-ն հայտարարել է, որ փորձարկում է դեմքի ճանաչման տեխնոլոգիա՝ պայքարելու կեղծ գովազդների դեմ, որոնցում կիրառվում են հայտնի մարդկանց լուսանկարները: Facebook-ը և Instagram-ը նույնպես կօգտագործեն նոր գործառույթը՝ բացահայտելու հայտնի մարդկանց կեղծ էջերը, որոնք ստեղծվել են օգտատերերին խաբելու համար։
Ինչպես բացատրում է TechCrunch-ը, այս թեստերի նպատակն է ուժեղացնել խարդախության դեմ պայքարի արդեն գոյություն ունեցող միջոցները, ինչպիսիք են ավտոմատ սկանավորումները՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա, որոնք ստուգում են գովազդները Facebook-ում և Instagram-ում: Եթե գովազդը նշվի որպես կասկածելի, անմիջապես կսկսվի նույնականացման գործընթաց՝ օգտահաշվի պրոֆիլի լուսանկարների միջոցով:
Meta-ն պնդում է, որ դեմքի ճանաչման տեխնոլոգիան օգտագործվում է բացառապես խարդախ գովազդների դեմ պայքարելու համար, և որ ստուգումից հետո բոլոր լուսանկարները, անկախ նրանից, որ համընկնում են, թե ոչ, ջնջվում են և չեն օգտագործվում որևէ այլ նպատակով: Հանրային գործիչների փոքր խմբի մասնակցությամբ նախնական թեստերը ցույց են տվել «հուսադրող» արդյունքներ՝ կապված կեղծ գովազդի բացահայտման և արգելափակման արագության և արդյունավետության հետ: Ընկերությունը նաև մտադիր է տեխնոլոգիան օգտագործել գեներատիվ ԱԲ միջոցով ստեղծված դիփֆեյք գովազդները հայտնաբերելու համար և փորձարկում է դեմքի ճանաչման համակարգը՝ հայտնի մարդկանց կեղծված օգտահաշիվները հայտնաբերելու համար:
Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կսկսի ներծրագրային ծանուցումներ ուղարկել հասարակական գործիչների ավելի լայն շրջանակի, որոնց լուսանկարներն օգտագործվել են կեղծ գովազդներում՝ տեղեկացնելով նրանց, որ դրանք ավտոմատ կերպով ներառված են պաշտպանության համակարգում: Այնուամենայնիվ, ըստ Բիկերտի, ցանկացած պահի կարելի է հրաժարվել այս հնարավորությունից։
Ի թիվս այլ բաների, Meta-ն սկսել է փորձարկել վիդեո սելֆիները՝ օգտագործելով դեմքի ճանաչման համակարգը, որպեսզի արագացնի օգտահաշիվներ մուտք գործելը, որոնք ինչ-ինչ պատճառներով արգելափակված էին: Այս մեթոդը հասանելիության վերականգնման գործընթացն ավելի արագ և հեշտ կդարձնի, քան անձը հաստատող փաստաթղթի լուսանկարի վերբեռնումը: Նշվում է, որ «վիդեո սելֆիի ստուգումն ընդլայնում է օգտահաշիվ մուտքը վերականգնելու հնարավորությունները, տևում է ընդամենը մեկ րոպե և օգտատիրոջ ինքնությունը հաստատելու ամենահեշտ ձևն է»։ Այս մեթոդը նման է iPhone-ի Face ID-ի միջոցով նույնականացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում