Իրանն ու Հնդկաստանը սերտ կհամագործակցեն տարբեր ոլորտներում

Իրանն ու Հնդկաստանը սերտ կհամագործակցեն տարբեր ոլորտներում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին:

«Հնդկաստանի վարչապետը և Իրանի նախագահը արդյունավետ քննարկում են անցկացրել։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահ Փեզեշքիանի ընտրվելուց հետո։ Վարչապետը շնորհավորել է նրան վերջին հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել Հնդկաստանի հանձնառությունը՝ խորացնելու Իրանի հետ բազմադարյա երկկողմ կապերը: Փաստորեն, երկու առաջնորդները բազմիցս ընդգծել են ընդհանուր պատմական և քաղաքակրթական կապերը, որոնք ընկած են իրենց երկկողմ հարաբերությունների հիմքում, և քննարկել են երկկողմ կապերի տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները», – հայտարարել է նա։

Միսրին նշել է, որ Հնդկաստանի և Իրանի ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել նաև Չաբահար նավահանգիստը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանային կապերի և տնտեսական գործընկերության ամրապնդման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում