Վրացական ընդդիմությունը խոստացել է ցույցեր սկսել՝ նոր ընտրությունների պահանջով
Նմանատիպ
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստանում են սկսել պարբերական բողոքի ակցիաներ՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով։ Նրանք չեն ընդունում նախորդ քվեարկության արդյունքները, որի համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Երեքշաբթի օրվանից սկսվելու է երթերի և բողոքների շաբաթը՝ նախ Թբիլիսիում, ապա՝ ողջ Վրաստանում»,- հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, նրա խոսքով՝ քվեարկության գաղտնիությունը խախտվել է:
«Պահանջում ենք նոր ընտրություններ, որովհետև չենք ճանաչում գողացված ընտրությունները և չենք ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը, գնում ենք դեպի առճակատում, յուրաքանչյուր հաջորդ բողոք կլինի ավելի սուր և նպատակային»,-ասել է Վաշաձեն։ Նա հավելել է, որ ակցիային զուգահեռ կշարունակեն հավաքել ընտրակեղծիքների մասին ապացույցներ՝ միջազգային հետաքննություն սկսելու նպատակով։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ԿԸՀ-ի տվյալներով, հավաքել է ձայների 53,93 տոկոսը, կուսակցությունը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին:
Խորհրդարան են անցել նաև չորս քաղաքական ընդդիմադիր ուժ՝ հավաքելով 37,78 տոկոս: Նրանք չեն ընդունել քվեարկության արդյունքները և հրաժարվել են ստացած պատգամավորական մանդատներից՝ պահանջելով «միջազգային վարչարարությամբ» նոր ընտրություններ անցկացնել։