Գազի ձմեռային մատակարարումները դեպի Եվրոպա վտանգված են

Գազի ձմեռային մատակարարումները դեպի Եվրոպա վտանգված են

Պայմանավորված համաշխարհային էներգետիկ շուկաների անկայունությամբ և ռուսական խողովակաշարային գազի ներմուծման հետագա անկմամբ Եվրամիության երկրները ձմռան ամիսներին կարող են բախվել գազի մատակարարումների խափանումների հետ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ եվրոպական գազի շուկան այժմ ավելի քան երբևէ կապված է անկայուն համաշխարհային էներգետիկ շուկաների հետ ռուսական գազատարից հեղուկացված բնական գազի վերափոխման արդյունքում»,- ասվում է Financial Times-ի հայտարարության մեջ։

Իրավիճակն ավելի կբարդանա, երբ տարեվերջին ավարտվի Ուկրաինայի տարածքով ռուսական վառելիքի տարանցման մասին պայմանագրի ժամկետը, որից հետո սպասվում է դեպի Եվրոպա գազամատակարարման հնարավոր դադարում։ «Այժմ Եվրոպայի գազի պահեստները լիքն են, բայց բավական է մատակարարումների մի քանի խափանումներ, որպեսզի ամեն ինչ սխալ ընթանա»,- թրեյդերներից մեկի խոսքն է մեջբերում FT-ն։

«Եթե ԵՄ-ում հանկարծակի սաստիկ ցուրտ լինի և միաժամանակ դադարի ռուսական գազի հոսքը, ապա վառելիքի գները կտրուկ կաճեն»,- կարծում է Rabobank-ի վերլուծաբան Ֆլորենս Շմիտը:

Kpler ընկերության կանխատեսմամբ՝ առաջիկա ձմռան ամիսներին հեղուկացված բնական գազի մատակարարումը եվրոպական շուկա կաճի ընդամենը 2,5 միլիոն տոննայով, ինչը չորս անգամ պակաս է 2023 թվականի աճից:
Մտահոգություններ կան նաև Մերձավոր Արևելքում լարվածության հետևանքների վերաբերյալ։ Եթե տարածաշրջանում հետագա էսկալացիան հանգեցնի Հորմուզի նեղուցի փակմանը, հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների 20 տոկոսը կվտանգվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում