Իլոն Մասկը որոշում է Թրամփի ներքին և միջազգային քաղաքականությունն ու նշանակում պաշտոններ
Նմանատիպ
Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել Է Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ձևավորման առանցքային դեմքերից մեկը։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Մասկը գրեթե ամեն օր այցելում է նորընտիր նախագահին՝ անմիջական ազդեցություն ունենալով կադրային որոշումների և Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ռազմավարության վրա: Աղբյուրները հայտնում են, որ նա արդեն մասնակցել է օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի երկու հեռախոսազրույցներին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի ընթացքում Թրամփը հեռախոսը փոխանցել է Մասկին, որպեսզի նա կարողանա անձամբ քննարկել իրավիճակը Ուկրաինայի առաջնորդի հետ: Մասկը ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Բացի այդ, Մասկն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան ներքին քաղաքականության քննարկմանը։ Կիրակի օրը նա հրապարակայնորեն աջակցել է հանրապետական սենատոր Ռիկ Սքոթին Սենատում ընտրվելու համար պայքարում՝ ամրապնդելով նաև նրա դիրքերը Հանրապետական կուսակցությունում: Բացի այդ, նա սերտ կապեր է պահպանում Հովարդ Լատնիկի հետ, որը ղեկավարում է Թրամփի անցումային թիմը՝ նախքան քաղաքական գործչի պաշտոնական վերադարձը Սպիտակ տուն:
Մասկի դերը նկատելի էր նաև նախընտրական քարոզարշավում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միլիարդատերը ֆինանսավորել է ընտրողների հետ աշխատանքի բազմամիլիարդանոց գործողությունը, ապահովել է Թրամփի ներկայությունը սոցիալական ցանցերում և առանցքային տատանվող նահանգների բնակիչների համար 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով վիճակախաղ կազմակերպել:
Աղբյուրներն ընդգծում են, որ Մասկը դառնում է Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը ձևավորող գլխավոր դեմքերից մեկը: Նրա մասնակցությունն ընդգրկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային խնդիրներ, ինչը հատկապես նշանակալի է դարձնում նրա ազդեցությունը վարչակազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում