Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել լիարժեք պատրաստ լինել պատերազմի
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զինվորականներին ուղերձում հայտարարել է, որ հարկավոր է ապահովելի երկրի լիարժեք պատրաստվածությունը պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ըստ հյուսիսկորեական գործակալության՝ Կիմ Չեն Ընը մատնանշել է «Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի դեմ թշնամական այլ ուժերի ռազմական առճակատման սպառնալից բնույթը»: Ըստ նրա՝ դա հանգեցրել է պատմության մեջ վատթարագույն լարվածությանը Կորեական թերակղզում:
ԿԺԴՀ առաջնորդը նման ելույթ է ունեցել նոյեմբերի 15-ին՝ գումարտակների հրամանատարների և քաղաքական ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նման միջոցառում վերջին անգամ անցկացվել էր 10 տարի առաջ։
ԿԺԴՀ-ի ղեկավարը զինված ուժերին կոչ է արել կենտրոնացնել բոլոր ջանքերը պատերազմի նախապատրաստությունն ավարտելու համար՝ հեղափոխության և ժամանակի մարտահրավերներին դիմակայելու նպատակով։
«Ընկեր Կիմ Չեն Ընն ընդգծել է գումարտակների լավ պատրաստվածության կարևորությունը, ինչպես նաև գումարտակների հրամանատարների և գումարտակների քաղաքական ղեկավարների դերը երկրի քաղաքական ու ռազմական հզորության արագացման գործում, որպեսզի կանոնավոր զինված ուժերը և բոլոր հանրապետական ուժերը կարողանան պատրաստվել պատերազմի», – ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:
Իր ելույթում Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն Ուկրաինան օգտագործում են որպես հարվածային ջոկատի առաջնագիծ Ռուսաստանի դեմ պատերազմում, որն, ըստ նրա, մղվում է մարտական փորձ կուտակելու և ռազմական միջամտության ոլորտն ընդլայնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում