Հայաստանը յոթ մղոնանոց քայլերով սպառազինվում է մահաբեր զենքերով․ Ալիև
Նմանատիպ
Ֆրանսիայի կողմից Հայաստանին հարձակողական սպառազինությունների մատակարարումն իրական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում:
«Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենք է, որը գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս կոչ է արել Փարիզին և Վաշինգտոնին դադարեցնել Հայաստանի ռազմականացումը:
«Մենք բազմիցս տեղեկացրել ենք Հայաստանին և ԱՄՆ պետքարտուղարությանը, որ դա պետք է դադարեցվի, բայց, ցավոք, մեզ չեն լսում։ Հայաստանի զինման գործընթացը ընթանում է յոթ մղոնանոց քայլերով», – նշել է Ալիևը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին, չնայած անվճար կամ ապառիկ զենք մատակարարող Արևմուտքի օգնությանը։
«Ես կարծում եմ, որ դա կործանարար ճանապարհ է։ Նախ՝ Հայաստանը մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չի դիմանա։ Թեև Արևմուտքից սպառազինությունների մեծ մասը նրանք ստանում են անվճար կամ վարկով, որը, բնականաբար, հետո դուրս կգրվի։ Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չեն դիմանա»,- հայտարարել է նա։
Բացի այդ, Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը և նրա սպառազինությունը միևնույն ժամանակ երկու անհամեմատելի կուրսեր են։
«Խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա զինումը մեր դեմ, երկու անհամեմատելի կուրսեր են»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում