Երևանի քաղաքապետարանը «գցում» է քաղաքացիներին
Նմանատիպ
Երեկ ՀՀ վարչական դատարանն անվավեր ճանաչեց Երևանի ավագանու կողմից ընդունված որոշումը, համաձայն որի, Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը փոխվում են, այսինքն դատարանի որոշմամբ՝ տարեկան 160 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կարող են վճարել 12 հազար դրամ, ինչպես նախկինում։
Երևանի քաղաքապետարանը նման աննախադեպ թանկացման էր գնացել այն պատճառաբանությամբ, որ կայանատեղիների համար նախատեսված դրույքաչափերի նման անտրամաբանական փոփոխությունը կհանգեցնի երթևեկության թեթևացմանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ խցանումներն ամենևին չվերացան, իսկ քաղաքացիներին մնացին միայն հրեշավոր մուծումները։ Այլ խոսքով, Երևանի քաղաքապետարանը դիմեց պարզագույն շորթման, խաբեությամբ քաղաքացիներից կորզեց գումարներ ու նույնիսկ չդրսևորեց բարոյականության նվազագույն նշույլներ, որպեսզի գոնե կես բերան ներողություն խնդրի հաշվարկներում սխալվելու համար։
Սակայն սա դեռ ամենը չէ. երեկ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը բացի շորթող լինելուց, նաև «գցող» է։
Դատարանի որոշումից հետո Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ մեկամսյա ընթացքում բողոքարկելու են դատարանի որոշումը։ Բնականաբար սա իրավական գործընթաց է, ու յուրաքանչյուր մարմնի Սահմանադրական իրավունքն է բողոքարկել իրենց պատկերացմամբ ոչ ճիշտ վճիռը։
Ապշեցնող է մամուլի խոսնակի մեկ այլ հայտարարություն, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
Նման մոտեցումը ոչ միայն ցինիզմ է, այլև վառ ապացույց, որ Երևանի քաղաքապետարանը բացի շորթող լինելուց, նաև «բեսպրեդելիշիկ» է ու պետականորեն «գցում» է քաղաքացիներին։ Ընդ որում, դա անում է մի մարդ, որը Երևանի ավագանու անցած ընտրություններին չի ստացել երևանցիների վստահության քվեն և ուղիղ ընտրությունների արդյունքում չի ընտրվել Երևանի քաղաքապետ։
Երևանի քաղաքապետարանը հաճախ է հանդես գալիս ոչ ադեկվատ պահվածքով։ Հիշենք թեկուզ ավտոբուսների վարորդների կողմից օրերս իրականացրած բողոքի ակցիան ու գործադուլը, որի ժամանակ այդ նույն չընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ թույլ չեն տա իրենց հետ շանտաժի լեզվով խոսել ու վարորդների հետ որևէ կոմպրոմիսի չեն գնա։
Նման լեքսիկոնը հարիր է գերտերությունների ղեկավարներին ահաբեկիչների մասին արտահայտվելիս։ Չեմ կարծում` որևէ երկրի, որևէ քաղաքապետ նման արտահայտություններ թույլ տա համաքաղաքացիների նկատմամբ, եթե դրան էլ հավելենք, որ դպրոցը վերջերս ավարտած Երևանի փոխքաղաքապետը՝ Սուրեն Գրիգորյանը, դատի տվեց գործադուլ անող վարորդներին, պատկերը լիովին ակնհայտ է դառնում, որ Երևանը կառավարվում է մարդկանց կողմից, որոնց ոչ արհեստավարժությանը գումարվել է նաև լկտիությունն ու ցինիզմը, միաժամանակ արհամարհանքը դատարանների որոշումների հանդեպ։
Եվ դա զարմանալի էլ չէ, եթե իրենց քաղաքական հայրը դատավորներին համարում է վնգստացողներ, իրենք այդ նույն դատարանների որոշումները կարող են համարել ընդամենը հերթական վնգստոց։
Կարեն Կարապետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում