Արևմուտքը զորամիավորումներ կտեղակայի՞ Ուկրաինայում
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Բրիտանիան դեռ որոշում չունեն Ուկրաինայում արևմտյան զինվորականների տեղակայման հարցում:
«Ես չեմ կարող, իրականում, հիմա դա հրապարակային քննարկել, այս հարցի վերաբերյալ լուծումներ չկան։ Կա միայն ցանկություն ու ինչպես ես եմ զգում, մասամբ նաև քաղաքական կամք, ինչը հնարավոր չէ մանրամասներով կիսվել նախքան որոշում կայացնելը»,-ասել է Զելենսկին` ԵՄ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուկրաինայում կտեղակայվեն արևմտյան զինվորականներ։
Ավելի վաղ Ռեթորս գործակալությունը, վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյային, հաղորդել էր, որ Եվրամիությունում չկա կոնսենսուս հակամարտության ավարտից հետո Ուկրաինա օտարերկրյա զորքեր ուղարկելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ դիտարկվում է այդ հարցով 5-8 երկրներից կոալիցիա ստեղծելու հնարավորությունը: Գործակալության տվյալներով՝ այդ ուժերի կորիզը կարող են ձևավորել Եվրոպայի խոշոր երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Բրիտանիան, և այդ նպատակների համար կպահանջվի մոտ 100 հազար զինվորական:
Monde պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերսկսել են քննարկումները Արևմտյան զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության շուրջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում, որ կարող են գլխավորել Ուկրաինայի հարցով կոալիցիան:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն ավելի վաղ հայտնել էր, որ Արևմուտքն Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար երկրում կտեղակայի այսպես կոչված խաղաղապահ զորախումբ՝ բաղկացած 100 հազար զինվորականներից, ինչը կվերածվի Ուկրաինայի փաստացի օկուպացիայի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության կողմերի համաձայնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում