Օլանդը չհավատաց Էրդողանի «արցունքներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում չի շրջանցել Հայոց ցեղասպանության հարցը: Լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դրա ժխտումը քրեորեն պատժելի դարձնելու ճանապարհին գտնվող երկրում` Թուրքիայի նախագահը չի խորշել բարձրաձայնել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ոճրագործության վերաբերյալ թուրքական ապատեղեկատվությունը: Էրդողանը փորձել է հանդես գալ զոհի կարգավիճակում` պնդելով, թե այս հարցում պաշտոնական Անկարայի ձեռնարկած բոլոր նախաձեռնություններն անպատասխան են մնացել հայկական կողմից:

«Չնայած մեր բոլոր կառուցողական մոտեցումներին` Հայաստանն ու հայկական սփյուռքը զսպվածություն չեն ցուցաբերում: Այս հարցը պետք է դադարի քաղաքական հարց լինելուց: Թողենք այն պատմաբաններին, թող պատմաբանները գան և ուսումնասիրեն խնդիրը»,- իր ելույթում առաջարկել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ խոսել է թուրքական «բաց» արխիվների առկայության մասին` կոչ անելով Հայաստանին ու երրորդ երկրներին ևս բացել իրենց արխիվները, որոնց վրա ուսումնասիրություններ կիրականացնեն ոչ միայն պատմաբանները, այլև հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները:

Էրդողանն ու Օլանդը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում:  Թուրքիայի նախագահը իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ միջազգային հանրության ուշադրությունը չափից ավելի է սևեռվել Կոբանիի վրա և հայտարարել է, որ այնտեղ ընդամենը 2000 մարտիկ է մնացել ու խաղաղ բնակիչներ չկան (քրդերի ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե ահաբեկիչները գրավեն քաղաքը, հազարավոր բնակիչներ կկոտորվեն, իսկ մարտերի հետևանքով արդեն իսկ 200 հազարը փախստական է դարձել»: Էրդողանը նաև կրկնել է առաջարկը Սիրիայի տարածքի հաշվին բուֆերային գոտի ստեղծելու և Ասադի դեմ կռվող աշխարհիկ սիրիական ընդդիմությանը սատարելու վերաբերյալ:

Օլանդը համաձայն էր Էրդողանի հետ այն առումով, որ կարևորագույն քաղաքը ոչ թե Կոբանին է, այլ Հալեպը, սակայն նշել է, որ նույնիսկ եթե այնտեղ չի մնացել քաղաքացիական բնակչություն, քաղաքին աջակցել է պետք: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան կսատարի այդ հարցում»,-ասել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում