ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», – ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում