Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»

Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն գտնում, Մովսիսյանի օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, կուսակցությունում նրան փոխարինելու հարց է առաջացել։ Չնայած մարզպետն ազատել է այդ օգնականին, սակայն բանն այն է, որ Մովսիսյանի գրեթե բոլոր օգնական-խորհրդականները՝ այսինքն նրա կամակատարներն աչքի են ընկել սկանդալային պատմություններով, ինչը արդեն չի խոսում պատահականության մասին,  դիցուք՝ Ռազմիկ Թադեւոսյանը, որի գործունեությունը քրեական հայտնի պատմության պատճառով առայժմ կասեցված է, անցնում է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենի գործով։ Բժշկական կենտրոնի տնօրենը, որին ամիսներ առաջ կալանավորել են, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ-որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։

Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ յուրացված գումարի մի մասը կիսվելու են Ռազմիկ Թադեւոսյանի հետ։ Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։

Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Թադեւոսյանի գործունեությունը կասեցված է, սակայն նա ստանում է խորհրդականի իր աշխատավարձը։ Մյուս խորհրդական Արմեն Գրիգորյանի մասին էլ խոսում են, որ մարզում եւ մարզպետարանում լավ պաշտոններին իր մերձավորներին է տեղավորել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում