Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործը կքննվի առանձին

Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործը կքննվի առանձին

Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին ժամանակ է տվել ուսումնասիրելու նյութերը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ Բաքվի դատարանը նրա գործը մյուսների հետ համատեղ չի քննի։

Չնայած Ռուբեն Վարդանյանի՝ գործի նյութերը մյուսների հետ միավորելու դիմումին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: Ռուբեն Վարդանյանը հայց էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Իսկ նյութերն ուսումնասիրելու համար տրվել է 10 օր ժամանակ։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանում երեկ՝ հունվարի 17-ին, մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու, կեղծ դատավարությունը։

Այս պահին Ադրբեջանի բանտում են գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս արդեն հայտարարել է, թե ոչ մի ցուցմունք չի տվել, իսկ իր մասնակցությամբ քննության բոլոր արձանագրությունները կեղծ են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում