Ադրբեջանցի քաղբանտարկյալ Ալիևի առողջական վիճակը վատացել է

Ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի առողջական վիճակը խիստ վատացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է իրավապաշտպանի դուստրը:

Իրավապաշտպանի բուժզննման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են վզի օստեոխոնդրոզ և միջողնային սկավառակի ճողվածք: Չնայած դրան, Ինթիգամ Ալիևին թույլատրել են միայն ամբուլատոր բուժում ստանալ մեկուսարանի պայմաններում:

Քաղբանտարկյալին այցելելուց հետո նրա աղջիկն արձանագրել է, որ հայրը դժվարությամբ էր կարողանում ոտքի վրա մնալ: «Ալիևը սուր գլխային ցավեր ունի, որոնք առաջացել են նյարդային համակարգի սուր խանգարումների և հոգեբանական ծանրաբեռնվածության հետևանքով: Նա քնում է օրական 2-3 ժամ և զգալի քանակով հանգստացնող հաբեր է ընդունում»,-հայտնել է աղջիկը` հավելելով, որ բանտային պայմաններում ջեռուցումը չի միացվում և իրավապաշտպանը նաև մրսում է: Նա ահազանգել է նաև, որ Ալիևի նամակները պարբերաբար ենթարկվում են գրաքննության:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին: Նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքի չարաշահման և անօրինական ձեռներեցության մեղադրանքներով: Ալիևը հերքել է բոլոր մեղադրանքները` դրանց տակ քաղաքական շարժառիթներ տեսնելով: Միջազգային իրավապաշտապան Amnesty International կազմակերպությունն Ինթիգամ Ալիևին ճանաչել է որպես քաղբանտարկյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում